Foto

10, 20 և 50 հազար դրամանոց թղթադրամները դրվել են շրջանառության մեջ

ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի 9–ի խորհրդի նիստի թիվ 185-Ն որոշմամբ 2018 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

Սահմանվել է, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Հիշեցնենք, որ նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ։

Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:

Նշենք, որ հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Կից ներկայացվում են տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները, նկարագրությունները և պաշտպանական հատկանիշները: