Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«երաշտ՝ տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը:
սակավաջրություն՝ իրավիճակ, որը սահմանվում է հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը և արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները»:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ անհրաժշտություն կա տարանջատելու երաշտ և սակավաջրություն տերմինները:
«Այս տարի խնդիր առաջացավ՝ արդյոք սակավաջրություն կա, թե ոչ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տալիս էր տվյալներ, սակայն ընթացակարգը պարզ չէր: Այս նախագծով լիազորում ենք կառավարությանը և տալիս ենք այն գործընթացը, որի պայմաններում հայտարարվում է սակավաջրություն և երաշտ»,-նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ շուտով էլի գարուն կգա և նորից նույն խնդիրներին կբախվեն, եթե միջոցներ չձեռնարկեն:
«Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո առաջին շեշտադրումը եղել է այն, թե ոռոգման ջրի հետ կապված ամեն ինչ կարգին է և ես խնդիր եմ դրել, որ Սևանին չանդրադառնանք: Հետո որոշ ժամանակ անց եկան, ասացին, որ Սևանից էլի ջուր պետք է վերցնենք: Հետագայում պարզ դարձավ, թե ինչ է կատարվում՝ ստվերային այգիներ, կորուստներ և այլն: Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգում, բառիս բուն իմաստով, տիրում է «վակխանալիա» և մենք այսօրվանից պետք է դրանով զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք»,-նշեց նա:
Փաշինյանը նշեց, որ Վերահսկողական ծառայության ղեկավարի ներկայացրած տվյալները տեսնելիս ապշել է.
«Արագածոտնի մարզում տեղեկացա, որ տասնյակ հեկտարներով այգիներ կան, որոնք տարիներ շարունակ ջուր են ստացել, սակայն ոչ մի լումա դրա դիմաց չեն վճարել»:









