Foto

Փաշինյանը տնտեսության ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է ՀՀ-ից մենաշնորհների վերացումը

«Ներդրումների ոլորտում աշխուժացման նշաններ արդեն հիմա կան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա իր պաշտոնավարման ընթացքում տնտեսության ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է ՀՀ-ից մենաշնորհների վերացումը, ինչը «Հայաստանի անկախության առաջին տարիներից եղել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը»:

«Երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, որը էլի տասնյակ տարիներով, մասնագետների պնդմամբ, տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է: Հաջորդ տնտեսական հաջողությունը համարում եմ ստվերի դեմ պայքարը: 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել և արդեն հրապարակային դաշտում է գործում: Դրա մոտ 90 տոկոսը նախկինում եղած աշխատատեղերն են, բայց կան նաև նոր աշխատատեղեր, բայց թե որքան, չեմ կարող ասել: Ակնհայտորեն 10 տոկոսից ավելի չի կարող լինել»,-ընդգծեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տնտեսության ոլորտում ձախողումներին, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ամենամեծ ձախողումը և խնդիրը համարում եմ այն, որ հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, որը բխում է ՀՀ շահերից, այնուամենայնիվ, որոշակի նեգատիվ ֆոն ստեղծում է ներդրումային միջավայրի համար: Բայց ես համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնն անպայման կվերականգնվի: Անկեղծ ասեմ, մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում խոշոր ներդրումների մասով: Խոսքը նաև օտարերկրյա ներդրումների մասին է և այդ գործողությունները որոշակի անհանգստություններ, լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ և՛ ՌԴ-ում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք, ներկայացնում ենք մեր շարժառիթը, որ այդ զգացողությունը չլինի»:

Vesti.am