Արցախյան հակամարտության մասին թուրքական իշխանությունների արած հայտարարություններն անընդունելի են: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-Թուրքական իշխանությունների արած հայտարարություններն անընդունելի են մեկ պարզ պատճառով: Դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայտարարություններ են, դրանք հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններ են: Սա հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, բայց մենք, ցավոք սրտի, արդեն սովորել ենք թուրքական ներկայիս իշխանությունների նման մանևրումներին,-ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
Լավրովի խոսքով՝ ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով և ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կրի անժամկետ բնույթ:
Հարցին՝ ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մերժել են Կազանյան փաստաթուղթը, արդյոք սա ճիշտ է, Լավրովը պատասխանել է.
-Իմ պատասխանը ձեր հարցին շատ պարզ է: Որպես այդ իրադարձությունների մասնակից, կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանյան փաստաթուղթը չի մերժել:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հավելել է, որ Կազանյան փաստաթուղթը մերժվել է Ադրբեջանի կողմից, ինչպես նախորդ բոլոր փաստաթղթերը:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=TgLFLjG-His