Foto

Էլիտար շենքի բնակիչները պետք է «էլիտար» հարկ վճարեն. Փաշինյան

Ազգային ժողովում այսօր 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության պարտականությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին:

«Հայաստանում պաշտոնապես գրանցված են 350 000 աշխատող, որոնք իրենց վճարած հարկերով իրենց ուսերին են կրում սոցիալական, կրթության, առողջապահության ոլորտների, ճանապարհների նորոգման ու շինարարության և այլ համապետական խնդիրների պարտավորությունները: Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա, որ ինքը կարող է բարիք ստեղծել և հույս ունենալ, որ կառավարությունը կաջակցի այս պրոցեսին»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ հեղափոխություն արած քաղաքացին պետք է իրավունք ու հնարավորություն ունենա բարիք ստեղծելու:

Վերջինս առաջարկեց, որ պետական բյուջեի եկամուտներն ավելացնել էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում և տներում բնակվողների գույքահարկերն ավելացնելով:

«Մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկի 1 տոկոսի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանելով` մենք երկրում հավաքագրվող ամբողջ գույքահարկի չափը կկրկնապատկենք: Եթե մենք էլիտար ունեցվածքը հարկենք այդ տրամաբանությամբ, մենք կարող ենք կրկնապատիկ ծավալ ստանալ»,- ընդգծեց բանախոսը: