Foto

Խորհրդարանը շարունակել է պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում

Ըստ ՀՀ ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների բյուջետային հայտը կկազմի շուրջ 12 մլրդ 380 մլն դրամ: Այդ մասին նա ասել է այսօր խորհրդարանում 2019 թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ, տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Վերջինս ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերն ու միջոցառումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ասել է, որ ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 452 մլն 644 հզր դրամ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ աշխատակազմն այս տարի աշխատում է գերծանրաբեռնված, աճել է ՄԻՊ աշխատակազմին ուղղված դիմոմ-բողոքների թիվը: Նա ընդգծել է, որ երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում ՄԻՊ աշխատակազմն ունի զգալի ներգրավվածություն՝ ներկայացնելով տարբեր ուղղություններով կատարված աշխատանքը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախարարությանը գործառույթների իրականացման համար կտրամադրվի 1 մլրդ 229 մլն 647 հզր դրամ: «Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության, մոնիթորինգի իրականացում» ծրագրով նախատեսվում է 1 մլրդ 318 մլն 999 հազար դրամ, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով՝ 325 մլն 700 հազար դրամ, Դատական և հանրային պաշտպանության ծրագրերով՝ 612 մլն 551 հազար դրամ, «Քրեակատարողական ծառայություններ» ծրագրով՝ 10 մլրդ 254 մլն 899 հզր դրամ, «Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում» ծրագրով՝ 666 մլն 487 հազար դրամ, «Արդարադատության համակարգի աշխատողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով՝ 594 մլն 98 հազար դրամ:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ դատախազությանը նախատեսվում է ֆինանսավորել հետևյալ 3 ծրագրերի գծով՝ «Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն»՝ 5 մլրդ 39 մլն դրամի չափով, «Մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում»՝ 17 մլն 66 հզր դրամի չափով և «Փորձաքննությունների ծառայություններ»՝ 284 մլն դրամի չափով:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ կրճատվել են գործուղումների ծախսերը: Դրամական խրախուսումների մասով կա 24 մլն դրամի աճ:

ՀՀ քննչական կոմիտեի գալիք տարվա հատկացումները ներկայացրել է դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը: Բյուջետային հայտով կիրականացվի 1 ծրագիր և 5 միջոցառում, կտրամադրվի 7 մլրդ 839 մլն դրամ, որը 25.8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 723 մլն 600 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 15.3 տոկոսով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ԿԸՀ պահպանման ծախսերը կկազմեն 360 մլն 907 հազար դրամ, որի հիմնական մասը կուղղվի աշխատավարձի վարձատրությանը: Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կտրամադրվի 734 մլն դրամ:

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում: