Խորհրդարանն այսօր պետք է վարչապետ ընտրի: Պատգամավորների 1/3-ն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք առաջադրել են իր թեկնածությունը:
Նա նաև նշեց, որ պարտադիր չէր որևէ մեկի թեկնածությունն առաջադրելը:
Վարչապետը նշեց, որ խոսելու է երկրում տիրող տնտեսական վիճակի մասին:
«Վերջին շրջանում այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում, որի առիթն այն է, որ սեպտեմբեր ամսին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ճշգրտված ցուցանիշով արձանագրվել է տնտեսական ցուցանիշի անկում, չնայած տարեկան կտրվածքով ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարևոր է համարում պարզաբանել, թե ինչ է կատարվում երկրի տնտեսության բնագավառում և արդյոք տեղի ունեցածով պետք է անհանգստանանք, թե ոչ:
Փաշինյանը նաև նշեց, որ տնտեսական ակտիվության այն ցուցանիշը, որը գոյություն ունի Հայաստանում որևէ կերպ արդյունավետ համարել չի կարելի:
«Որովհետև մեր տնտեսական աճը հիմնականում ձևավորվում է այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, ընդերքը քանդող և արտահանող, ագրարային, խաղադրույքներ իրականացնող երկիր է, որը որևէ կերպ ընդունելի չէ: Այս տեսանկյունից եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ հունիս ամսին, երբ մեր տնտեսական ցուցանիշն աննախադեպ աճ գրանցեց: Ինչ էր տեղի ունեցել: Այդ ժամանակ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր և պարզվում է, որ մեր երիտասարդությունը, և ոչ միայն մեր հասարակությունը, զանգվածային զբաղված էր խաղադրույքներ կատարելով: Այս վիճակագրությունն արձանագրվեց որպես ծառայությունների շեշտակի աճ և մեկ ամսում 5 տոկոսի տնտեսական աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելով: Պետական եկամուտները սրանից չաճեցին, որովհետև այս ոլորտը միանվագ է հարկվում: Իսկ հանքարդյունաբերությունը, որը մշտապես մեր արտադրության հենասյուներից է, որևէ տնտեսական քաղաքականությունից անկախ իրականացվել է, և եթե պղնձի, մոլիբդենի միջազգային գները բարձր են եղել, խտանյութի տեսքով արտահանվել է, ու ավելացված արժեք չի ստեղծվել:
Անկումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ, որովհետև Թեղուտի հանքը փակվել է: Փակվել է, որովհետև տնտեսական, ինժեներական խնդիրներ են առաջացել»,- մանրամասնեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ տնտեսական ցուցանիշների տատանումների կարող է հանգեցնել մի ընկերության տատանումը: «Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե վատ տրամադրությամբ արթնանան, կարող է պարզվի, որ երկրի տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու»,- ընդգծեց Փաշինյանը:
Vesti.am









