Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ չի ցանկանում Ընտրական օրենսգրքի քվեարկության վերաբերյալ կանխատեսումներ անել, սակայն ընդգծեց, որ այս օրերին զանազան կողմերից հավաստիացումներ և հայտարարություններ է լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են կողմ քվեարկել:
«Արտահերթ ընտրություններ միևնույնն է լինելու են, եթե վարչապետ չընտրվի, և լինելու են այն ընտրական օրենսդրությամբ, որն այդ պահին կգործի: Կընդունեն նորը, կլինի նորով, չեն ընդունի՝ կլինի գործող օրենսդրությամբ»,- ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն Ազգային ժողովում չընդունվեց նաև այն պատճառով, որ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի իրենց գործընկերներից որոշ պատգամավորներ բացակայում էին, Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես բոլոր 105 պատգամավորներին համարում է իրենց գործընկերը: «Ես լիահույս եմ, որ բոլոր 105 պատգամավորների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ կամրապնդվի գիտակցումը, որ երկիրը այլևս պետք չէ տանել ավելորդ ցնցումների, ի վերջո, պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: Լավ կլինի, որ դրանք լինեն նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխություններն ավելի ժողովրդավարական են և ավելի լավ հնարավորություններ են տալիս քաղաքական ուժերին»,- նշեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:
Միրզոյանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկման օրը ինքն անձամբ է զանգահարել տարբեր պատգամավորների. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ նախ որպիսությունը հարցնելու, հետո նրանց դիրքորոշումը հասկանալու համար: Բայց, իհարկե, ճնշումների ոչ անգամ խնդրանքների մասին խոսք չկա: Այդ օրերին ես տարբեր պատգամավորների հետ խոսել եմ»:









