Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանի պատմության կաղապարներից ազատվելու հայտարարությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանը չունի պատմության կաղապարներ: Ընդգծեց՝ մենք ունենք ազգային արժեքներ և անթույլատրելի է դրանցից հրաժարվելը։
«Դրա տողատակերում հասկանում ենք՝ մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, մեր պատմական ձեռքբերումները, Ղարաբաղյան հարցը։ Դրանք բոլորը պատմություն են, իսկ պատմությունից, անցյալից հրաժարվել, նշանակում է կասկածի տակ դնել ապագան», - մեկնաբանեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով Բոլթոնի՝ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու հորդորին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Պետք է նշեմ, որ պայմանավորվածության ու միջազգային կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ դա կվերաբերի Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին։ Դա ավելի է լարում իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել կողմերին, թե ում զինատեսակներն են ավելի հզոր ու ավելի ուժեղ»:
Նա շեշտեց, որ մենք չենք գնում պատերազմի, ու մեր ճանապարհը խաղաղ բանակցային գործընթացով խնդրի կարգավորմանը հասնելն է, որը համահունչ է նաև Մինսկի խմբի մոտեցումներին։ Իսկ եթե իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է նաև մտածենք ռազմական հզորացման մասին, ապա ըստ Բաղդասարյանի՝ մասնագետների կարծքիներն են կարևոր՝ ինչն է նպատակահարմար ու ինչպես պետք է մենք զինվենք:
Vesti.am









