«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը ես իսկապես համարում եմ չափազանց կարևոր ու հեռուն գնացող նպատակներ հետապնդող»: Այդ մասին այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ինքներս էլ գիտենք, թե ինչ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի մեր տարածաշրջանը, և այդ փաստը գիտակցելով է, որ վերջինս այցելել էր տարածաշրջան: Հայաստանը նույն դեմքով է հանդես գալիս թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, և մենք, բնականաբար, պետք է բոլորին ցույց տանք, որ մեր հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ու դրանք բխում են կենսական անհրաժեշտությունից: Իրենք ունեն էմբարգոներ տարբեր երկրների հետ կապված, բայց չեն ուզում, որ դրանից տուժեն իրենց մյուս գործընկերները: Այսինքն՝ ընկալում կա այն մասին, որ Հայաստանը ոչ մի քայլ չի անում, որը չի բխի իր կենսական անհրաժեշտությունից»,- մեկնաբանեց Արմեն Ռուստամյանը:
Նա նաև նշեց, որ մշտապես ընդգծել է, որ միջնորդ կողմերը կա՛մ պետք է ոչ մեկին զենք չտրամադրեն, կա՛մ այնպես տրամադրեն, որ դրանից որևէ կողմ չտուժի: Տարածաշրջանում, ըստ նրա, հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ էլ սկսվում են ագրեսիաներն ու պատերազմները:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե ԱՄՆ նախագահի օգնականը նկատի ուներ, թե այդ հայտարարութունը տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար է ասել, ապա, իհարկե, ցանկալի է, որ ունենաք Ադրբեջանին չզիջող զինանոց»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու իր մտահոգությունը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Բոլթոնն Ադրբեջանում նույնպես բարձրացրել է այս զենքի վաճառքի հարցը:
Vesti.am









