Foto

Հայաստանում են ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, «Եվրասիական տնտեսական շաբաթի» շրջանակներում, կազմակերպել է ընդլայնված հանդիպում՝ հայկական արտադրող և արտահանող ընկերությունների ղեկավարների, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների ինչպես նաև ՌԴ շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ղեկավարների հետ:

ՏՄՊՊՀ-ից  հայտնում են, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հանձնաժողովն արդեն մի քանի անգամ կազմակերպել է նման հանդիպումներ, որպեսզի հայկական արտահանող ընկերությունները հնարավորություն ունենան իրենց խնդիրները ուղղակիորեն քննարկելու ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հիմք դրված նման հանդիպումները նպաստել են, որպեսզի վերջին 1-2 տարվա ընթացքում մի շարք արտադրողներ կարողանան ուղիղ բանակցել ՌԴ խոշոր ընկերությունների հետ և իրենց արտադրանքը ներկայացնել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերում: Սակայն սա նման ձևաչափով առաջին միջոցառումն է, քանի որ հանդիպմանը ներկա էին ոչ միայն ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ղեկավարները, այլ նաև ԵԱՏՄ համապատասխան պաշտոնյաները, որոնցից էլ հենց տեղում հայ գործարարները ակնկալում են ստանալ ՌԴ տարածքում առաջացած մի շարք մրցակցային խնդիրների պատասխանները:

ՀՀ մրցակցային մարմնի ղեկավար Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ թեև ԵԱՏՄ անդամակցությունից հետո հաճախ օբյեկտիվ պատճառներով առաջացել են մի շարք խնդիրներ հայ արտահանողների համար, սակայն արդեն իսկ տասնյակ խնդիրներ լուծում են ստացել, իսկ մի մասը քննարկմման փուլում է. «Մեր նպատակն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով և անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Մեր գործունեությունը ԵՏՄ անդամակցությունից հետո ուղղված է հենց սրան, և գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ լուծվել են տասնյակ խնդիրներ և մեր հետևողական աշխատանքի շնորհիվ սկիզբ է տրվել տեղական մի շարք արտադրողների և ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի միջև համագործակցության»: