«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչն ինձ համար շատ կարևոր և լավ նորություն էր, որովհետև ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ»: Այդ մասին այսօր, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի որակի կապակցությամբ:
«Մեր գինիներն ու կոնյակը շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության միջազգային ստանդարտի: Կարծում եմ, իսկապես պետք է քաջալերել մեր արտադրողներին: Կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ կարողանանք մեր արտադրողներին աջակցել նոր շուկաներ ձեռք բերելու հարցում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին ամենամեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են:
Նա ընդգծեց, որ ներդրումային նախագծերով պետք է աջակցեն արտադրողներին՝ արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում:
«Մյուս կողմից մենք կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ: Այս առումով Գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի: Ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ թեև կոնյակի արտադրության ոլորտը կայացած է համարվում, բայց այդտեղ էլ կան խնդիրներ, երբ «հայկական կոնյակ» անվան տակ վաճառվում են խմիչքներ, որոնք իրականում հայկական կոնյակ չեն:
Vesti.am









