Foto

Մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը

Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Այդ մասին  հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։

Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետևանքով նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։

Քիչ անց, սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում:

Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:

1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ` ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս»: 1961թ. ավարտելով զինվորական ծառայությունը` աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:

1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք:

1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը:

Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը:

2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին (թուրքական օրենսդրությամբ` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում):

Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

Ստամբուլի կենտրոնում Գյուլերի արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է «Արա Կաֆե»: