Երևանի Շահումյանի անվան հրապարակում, այսօր հայտարարվեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրատվության միջոցով հանրապետությունը սպասարկող շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը:
Միջոցառմանը մասնակցում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, առողջապահության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, Երևանի քաղաքապետը։
«Առողջապահության ոլորտը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է կազմում և չինական կողմը կարևորում է ոլորտի զարգացումը Հայաստանում: 2011 թվականին Հայաստանին նվիրած շտապօգնության 88 մեքենաներն այս 7 տարվա մեջ կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության բնագավառում և շտապ բուժօգնության մակարդակը բարելավելու գործում: Այս ծրագրով նոր սերնդի և տեխնիկապես առավել հագեցված 200 շտապօգնության մեքենաների նվիրաբերումը խոշորագույներից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նման ծրագրերի մեջ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանի միջազգային համագործակցության հիմնադրամին, ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ մեքենաների գործարկումն այստեղ իրականացնելու համար Չինաստանը ՀՀ է գործուղել նաև 10 արեստավարժ մասնագետի:
Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն ազգաբնակչության շտապբուժօգնության կազմակերպման, մարզերում շտապբուժօգնության հասանելիության և շտապ կանչերի ավելի մեծ քանակությամբ սպասարկման ուղղությամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ մեքենաների հագեցվածությունը թույլ կտա ծանր հիվանդներին ցուցաբերել անհրաժեշտ շտապբուժօգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը:
Նախարարը նաև նշեց, որ մեքենաները բաշխվել են ողջ հանրապետության տարածքով:
«49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնությանը, 10՝ Երևանի մի շարք բժշկական կենտրոնների, 131-ը՝ մարզերին: Ստանալով բոլորովին նոր և հագեցած շտապօգնության մեքենաներ՝ մարզերում կլուծվեն շտապօգնության հետ կապված խնդիրները»,-ընդգծեց Թորոսյանը:
Vesti.am









