Foto

Ֆրանկոֆոնիայի ընտանիքը պետք է զարգանալու մեծ հնարավորություններ ունենա

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար:

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսին նորընտիր գլխավոր քարտուղարն ասաց.

«Հայաստանում գտնվելու օրերին ամենուր ջերմ մթնոլորտ էր, գեղեցիկ ժպիտներ էին, թե՛ մեր աշխատանքային վայրում, թե՛ դրսում: Մարդկանց հետ շփումն ուղղակի հաճելի էր, Հայաստանից կգնանք շատ լավ հիշողություններով»։

Առաջիկայում անելիքների մասին Լուիզ Մուշիկիվաբոն ասաց՝ Ֆրանկոֆոնիայում հրաշքներ գործելու համար չի գալիս։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն արդեն շատ վաղուց գոյություն ունի: Ես վստահ եմ, որ մեր կազմակերպությունը  գտնվում է ճանապարհների խաչմերուկում: Այսօր ապրում ենք անկանխատեսելի աշխարհում, սակայն կան մեր կազմակերպությունն առաջ տանելու մեծ հնարավորություններ: Պետք է ջանք գործադրել, որ մեր կազմակերպությունը լինի այնտեղ, որտեղ պետք է լինի»,- շեշտեց նա:

Տարբեր տարիներին ՖՄԿ գլխավոր քարտուղարներն իրենց պաշտոնավարման ժամանակ զգալի աշխատանք են կատարել, սակայն Լուիզ Մուշիկիվաբոն վստահ է, որ հնարավոր է ավելին անել:

«Հաջորդ տարվա սկզբից պետք է սկսեմ իմ գործունեությունը. մինչ այդ մտածելու, խորհելու հավաքված գաղափարներն ամփոփելու ժամանակ ունեմ: Պետք է փորձեմ էլ ավելի բարելավել աշխատանքը: Ես Ռուանդայից եմ, բայց ես աշխարհի քաղաքացի եմ: Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա՝ շոշափելի նպաստ բերելով ընդհանուր գործին»,-  ասաց նա, ընդգծելով, որ կարևոր է երիտասադրների հետ աշխատանքը:

«Երիտասարդներին ուղղված շատ տարբեր ծրագրեր կան, սակայն տարբեր հանդիպումներում պարզ է դառնում, որ նրանց հանդեպ կազմակերպությունը պարտականություն ունի: Ես բոլոր երիտասարդներով եմ հետաքրքրվելու: Փորձելու եմ հանդիպել ու վեր հանել այն տաղանդներին,  որոնք կան մեր կազմակերպության ներսում»,-ասաց նա: