Foto

Նախարարներն Ալավերդի կայցելեն՝ ձուլարանի հարցին լուծում տալու. լուսանկարներ

Ալավերդի քաղաքում այս պահին բողոքի ակցիայի մասնակցիները բացել են փակված ճանապարհները: Այդ մասին Vesti.am-ին հայտնեց Ալավերդի համայնքի քաղաքային թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանը:

«Այն բանից հետո, երբ Ալավերդի է ժամանել  Լոռու փոխմարզպետը և խոստացել, որ վաղը նրանց հետ կհանդիպեն նախարարներ և կփորձեն գտնել հարցի ընդունելի լուծում, բանվորները հեռացել են՝ ասելով, որ եթե լուծումներ, այնուամենայնիվ, չլինեն, վաղը նորից կփակեն ճանապարհը, բայց այս անգամ՝ անժամկետ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Պապինյանը մեզ փոխանեցեց, որ դժգոհող ալավերդցիները նոր իշխանություններին երեք կետից բաղկացած պահանջ են ներկայացրել, որի բավարարման դեպքում միայն կհրաժարվեն ճանապարհ փակելու գաղափարից: Ըստ Պապինյանի փոխանցման՝ առաջինը Բնապահպանական տեսչական մարմնի կողմից հաստատված արտանետումների թույլատրելի սահմանը 40.000-ից 5000-ի իջեցնելու որոշման չեղարկումն է:

«5000-ն այն թիվն է, որ գործնականում այդ տեխնոլոգիայով չեն կարող աշխատել, այդ թիվն են ուզում մեծացնել: Երկրորդ կետը վերաբերում է VTB բանկում գրավադրված ACP ընկերությանը: Տեղացիները պահանջում են կասեցնել վարկային այդ պատմությունն ու ACP-ին չարժանացնել Թեղուտի ճակատագրին: Նշեմ նաև, որ այդ գրավների չեղարկման հետ է կապված չինական 500 մլն դոլարի ներդրումային այն մեծ պրոյեկտը, որը ենթադրում էր 2000 աշխատատեղերի ստեղծում: Բացի այդ՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար չինական կողմը նաև երկու նախապայման է առաջ քաշել, որոնք նույնպես պետք է կատարեն մեր իշխանությունները. սա էլ երրորդ կետն է»,- բացատրեց Պապինյանը:

Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց նաև՝ եթե փակվի պղնձաձուլարանը, ապա հետագայում մասնագետների խնդիր ենք ունենալու, ինչը եղել է նաև 1995-ին այն փակվելուց, այնուհետ նորից վերագործարկելուց հետո: «Շուրջ 40 օր պղինձ չէին կարողնում  հանել վառարանից, 40 օր էներգիա էին ծախսում, բայց չէին կարողանում աշխատել»,- հիշեց Պապինյանը:

Վրույր Սևակ

Vesti.am