ԲՀԿ-ն ներկայացված է լինելու բոլոր հանձնաժողովներում: Այսօր, լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը:
Նա ասաց, որ արդեն իսկ շատ մեծ աշխատանք է տարվել ու տարվում իրենց խմբակցության կողմից Երևանում առկա խնդիրների լուծման ճանապարհները հասկանալու ու ստանալու համար:
«Գոյություն ունի հստակ ու պարզ հասկանալի մի իրադրություն. Երևանի բյուջեն չի համապատասխանում Երևանին, ու 80 մլդ դրամ գումարը, պարզ է, որ չի բավականեցնում քաղաքի կառավարման համար: Ամենածանր հարցերից մեկն է, թե ինչպես կարող ենք ավելացնել բյուջեն ու նվազեցնել մեզ համար անհասկանալի վճարումները»,- նշեց վերջինս՝ ավելացնելով, որ քաղաքի ծախսերը մշտապես պետք է լինեն իրենց ուշադրության կենտրոնում:
Աբովյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ իրենք հրաժարվում են ծառայողակայն մեքենաներից, ինչը թույլ կտա կրճատել ավտոմեքենաներից ու դրա շահագործումից առաջ եկող ծախսերը:
«Մեր գործընկեր մյուս խմբակցություներին կոչ եմ անում առաջնորդվել նույն քաղաքականությամբ ու հրաժարվել ծառայողական մեքենաներից: Հրաշալի կլինի, որ մյուս խմբակցությունների ղեկավարները, թաղապետները նույն քայլին դիմեն, ու այն մարդիկ, որ զբաղվում են քաղաքային տրանսպորտի հարցերով, երթուղային տաքսիներով երթևեկեն»,- հավելեց բանախոսը:
Veti.am









