Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվեց Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:
«Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այսօր: Որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախ հաստատվում են անդամ երկրների դեսպանների կողմից, այնուհետև ներկայացվում նախարարներին և նախագահներին։ Այստեղ թե՛ լիիրավ, թե՛ ոչ լիիրավ, թե դիտորդ բոլոր անդամ երկրների դեսպաններն են: Մենք փաստաթղթերի պատրաստման մեջ ենք անձամբ ներգրավված: Որոշումները կայացվում են անդամ պետությունների և կառավարությունների կողմից: Ինչևէ, իհարկե, հսկայական պատասխանատվություն է», - նշեց ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում:
Մշտական խորհրդի նիստի ընթացքում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ:
Մշտական խորհուրը կքննարկի Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Այսօր բոլոր քննարկումներն անցկացվելու են փակ ռեժիմով: