Foto

Երևանում տեղի ունեցավ բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Հանրապետության հրապարակից ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, բողոքի երթ  է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի: Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Արտաքին գործերի նախարարություն, այնուհետև՝ ՌԴ դեսպանատուն:

Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Հայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա՝ տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով իրենց պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

«Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ողջ հայ ժողովուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել բարերարին, սակայն իշխանությունները, մասնավորապես Արտաքին Գործերի նախարարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քար լռություն են պահպանում: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը»-ասված է բողքի երթը նախաձեռնած խմբի հայտարարության մեջ:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=bBdQPvibyx8