Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որտեղ այս անգամ էլ քննարկվելու են գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները:
Վերոնշյալ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է հանձնաժողովի 11 հոգանոց խումբ ձևավորել՝ 5-ը ՀՀԿ-ական, 3-ը «Ծառուկյանը»-ական, 2-ը «Ելք»-ական և 1-ը ՀՅԴ-ական:
Նախաձեռնող խմբի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հանձնաժողովում կարող են քննության առարկա դառնալ ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների երկու՝ «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ-ի գործունեության առանձնահատկությունները, հասկանալու համար՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ինչքանո՞վ են հիմնավորված:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը թեև ողջունեց, որ խորհրդարանը կարողանում է օգտագործել իրեն վերապահված հերթական գործիքակազմն ու ժամանակավոր հանձնաժողով է ստեղծում, բայցև նկատեց՝ հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է, ու այդ մարմինն է որոշելու սակագինը:«Իսկ այդ հանձնաժողովը պետական անկախ մարմին է, ինչպիսի՞ն են լինելու իրավահարաբերությունները անկախ պետական մարմնի և ԱԺ նախաձեռնող խմբի միջև»,- հարցրեց նա:
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Մելքումյանը պատասխանեց. «ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս Քննիչ հանձնաժողով ստեղծել ու գործող պաշտոնատար անձանց հարցադրումներ ուղղել, հրավիրել ու բացատրություններ, պարզաբանումներ պահանջել:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Շուշան Սարդարյանն էլ հավելեց, որ սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, ինչը նույնպես պետք է քննարկի գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնները: Վերջինս հետաքրքրվեց՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այդ խմբի հետ համագործակցելո՞ւ է ու եթե աշխատանքային երկու խմբերի եզրակացությունները տեսականորեն տարբեր լինեն, ապա ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդտեղ:
Մելքումյանն այսպիսի պատասխան տվեց. «Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ստեղծվել է նաև «Գազպրոմի» համաձայնությամբ, իսկ ԱԺ-ինը մի քիչ այլ է: Բայց չեմ կարծում, որ երկու խմբերի միջև շատ տարբերություններ են լինելու: Հնարավոր է՝ մոտեցումները տարբեր լինեն»:
«Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ վստահորեն հայտարարեց, որ կան բոլոր նախադրյալները թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ սակագնի իջեցմանը շուրջ համապատասխան աշխատանքներ սկսելու համար:
Vesti.am









