Foto

Ի՞նչ այբուբենով է առաջնորդվում ՀՀ արտգործնախարարությունը

Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքի ժամանակ արված լուսանկարը, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստած է սեղանի ծայրին, համացանցում քննարկումների առիթ է դարձել, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի վարչապետը հեռու նստեր ԱՊՀ մյուս առաջնոդներից:

Քննարկումն այնքան է թեժացել, որ Tert.am-ը, պարզաբանում է խնդրել Արտգործնախարարությունից ու ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանից ստացել հետևյալ պատասխանը. «Սեղանի շուրջ ԱՊՀ երկրների ղեկավարներն այբբենական կարգով են նստած, ու քանի որ երկու «Ա»-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու «Ա»-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»:

Արտգործնախարարության տված պատասխանը, սակայն, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ եթե առաջնորդվենք, ըստ այբբենական կարգի, ղեկավարներին աթոռներ հատկացնելուն, ապա կա՛մ Փաշինյանից, կա՛մ Ալիևից հետո պետք է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն նստեր: Հետևաբար՝ այստեղ ինչ-որ բան, իրոք, այնպես չէ:

Տիգրան Բալայանի սկզբունքը գործել է պաշտոնական այլ քննարկման ժամանակ, որտեղ, իրոք, ըստ ընդունված կարգի, այբբենական կարգով՝ Ալիևի կողքին Փաշինյանն է, իսկ Փաշինյանի կողքին՝ Նազարբաևը և այլն:

Vesti.am