ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։
Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան ևս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար:









