Foto

Երթ դեպի ԱԳՆ, ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

ՀՀ քաղաքացիներն ապրիլի 19-ին, ժամը 13:00 Հանրապետության հրապարակից՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտից երթ են կատարելու դեպի ԱԳՆ, այնուհետև ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:

Մոսկվայի դատարանը օրերս  Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։

Գործարարը մոտավորապես 1 տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել էին փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, սրտի չորս կաթված  և ուղեղի երկու կաթված է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

«Այս օրերին, երբ Արցախն առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին:

ՀՀ քաղաքացիներս պահանջում են արտաքին գերատեսչությունից անհապաղ կերպով կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն հնարավոր խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ պահանջում են դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը»,-ասված է երթի կազմակերպիչների հայտարարությունում:

Vesti.am