Foto

Կոտայքի մարզում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, իսկ քաղաքական հայացքներն այդ ամենի վրա պետք է ազդեցություն չունենան. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզում առկա խնդիրների,  մարզը բիզնես և զբոսաշրջային կենտրոն դարձնելու նախադրյալների, քաղաքական իրավիճակի և մի շարք այլ հարցերի շուրջ Vesti.am-ը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, Ձեր հարցազրույցներում, հանդիպումներում հաճախ եք նշում, որ Կոտայքը պետք է դառնա էտալոնային մարզ: Ձեր կարծիքով ինչո՞վ պետք է առանձնանա Կոտայքը մյուս մարզերից, ի՞նչը պետք է լինի նրա յուրահատկությունը:

Այո՛, ես մշտապես ընդգծում եմ այս շատ կարևոր դրույթը, Կոտայքն ինձ համար էտալոնային է, երբ իր քաղաքացին իրավագիտակից է, երբ մարզում իշխում է օրինականությունը, քաղաքացին պահանջատեր է և միևնույն ժամանակ պատրաստակամ՝ լուծելու երկրի և պետականության առջև ծառացած խնդիրները՝ իշխանությունների կողքին ամուր կանգնած և նրանց աջակցելով: Երբեմն երիտասարդների կամ հանրության այլ խմբերի հետ հանդիպումների ընթացքում հասկանում եմ, որ այս մոտեցումը դեռ խորթ է մեզ համար: Մեր քաղաքացիներին, ցավոք, տասնամյակներ շարունակ չեն հրամցվել այն գործիքակազմերը, որոնցով նրանք կարող էին մասնակցություն ունենալ պետական կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանը, արտահայտել դիրքորոշում և այլն: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքացին միայն խնդիր է բարձրաձայնում և երբ որպես պատասխան լսում է, որ, այո՛, մենք ծանոթ ենք իրավիճակին, նա չգիտի, թե որն է հաջորդ քայլը: Սա իրապես ցավալի է, որովհետև ես ունեմ համոզում, որ միայն արդյունավետ փոխգործակցությունը մեզ կտա այն արդյունքները, որի երազանքով մեր երկրում գնացինք հեղափոխության:

Պետք է լինի փոխադարձ հարգանք և աջակցություն, պետք է ունենանք վերափոխված քաղաքացի, ու հենց այս իդեալական վիճակի առկայությունն է ինձ համար լինելու էտալոնային մարզի չափորոշիչը:

- Ի՞նչ հիմնական խնդիրներ կային մարզում, որոնց լուծմանը ձեռնամուխ եք եղել և արդեն իսկ դրանց լուծումը տրվել է:

Իմ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրերից իմ թիմի հետ լուրջ ջանքեր ու ժամանակ ենք ներդրել՝ մարզում օրինականության վերահաստատման և ինքնիրավչության վերացման համար: Այսօր ես միանշանակ կարող եմ ասել, որ մարզային իշխանությունների վերահսկողության տակ գործող կառույցներում՝ դպրոցներ, բուժհաստատություններ և այլն, իսպառ բացակայում է դրամահավաքությունը, «տանիքների» միջոցով որոշակի հարցեր լուծելու արատավոր երևույթները, արտոնյալի կարգավիճակը: Իհարկե, որոշ տեղերում դեռ կարող են փորձել խախտել օրենքի պահանջներն ու կարգադրությունները, ինչը երբեմն սաբոտաժի դրսևորում եմ դիտարկում, բայց մենք յուրաքանչյուր նման երևույթի շատ խիստ ենք հակադարձում: Եվ երբ ես ասում եմ, որ մարզում հաստատվել է օրինականություն, ես նկատի ունեմ հենց այն իրավիճակը, երբ օրենքի խախտում իրականացնողը ստանում է արժանի հակադարձում, իսկ սա անհերքելի իրողություն է:

Կան փաստացի լուծված բազմաթիվ խնդիրներ՝ նորոգված ճանապարհներ, սոցիալական աջակցության ոլորտում իրականացված քայլեր, նորոգված կամ նորոգվող կրթական և նախակրթական հաստատություններ և այլն, բայց այս ամենի մասին ես մանրամասն շատ հաճախ չեմ խոսում, որովհետև կարևորը սկզբունքներն են, իսկ սկզբունքը մեկն է. բոլորս առաքելություն իրականացնող ենք՝ օրենսդրությամբ մեզ տրված իրավունքների և լիազորությունների սահմաններում:

- Նշել էիք, որ առաջնային եք համարում Կոտայքի մարզում աղբավայրերի լիկվիդացումը: Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:

Համապետական շաբաթօրյակի ընթացքում մեր մարզը և ես անմիջականորեն ակտիվ ներգրավված ենք եղել բոլոր աշխատանքներում: Հենց այդ օրը մի շարք մանր աղբավայրեր լիկվիդացվեցին և այլևս այդ վայրերը զերծ են աղբից: Մենք ունենք նաև խոշոր աղբավայրեր, որոնց խնդրի լուծումը, իհարկե, ավելի լուրջ գործընթացներ է պահանջում: Ես այս մասին աշխատանքային քննարկումներ եմ ունեցել նաև ՏԿԶ Նախարար Սուրեն Պապիկյանի հետ և իմ առաջարկով՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում կներառվեն միջոցներ, որոնք ուղղվելու են Հրազդան, Չարենցավան և Աբովյան համայնքներում խոշոր աղբավայրերի լիկվիդացմանը: Այս տարածքները հեկտարների են հասնում, ինչը, իհարկե, էկոլոգիական լուրջ խնդիր է:

- Յուրաքանչյուր մարզում և առհասարակ հանրապետությունում առաջնային է աշխատատեղերի խնդիրը: Արդյոք Կոտայքի մարզում ևս այս խնդիրը կա, և եթե այո ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այն:

Աշխատատեղերի խնդիր իհարկե կա, սա անհերքելի է, բայց արդյունավետ կառավարման, անօրինականությունների վերացման ճանապարհով կարելի է ապահովել պետական կառույցներում լավագույն մասնագետների ներգրավումը: Այսօր դպրոցներում թափուր հաստիքների համար մրցույթներն իրականացվում են բաց և ազնիվ, սա, ինչպես տեսնում եք, լուրջ քայլ է՝ թույլ տալու բոլորին ներգրավել ազնիվ մրցակցության մեջ և աշխատանք գտնել: Այս ոլորտում եղած նախկին արատավոր երևույթների մասին չեմ ցանկանում խոսել, բայց դրանց վերացումը միայն նոր հնարավորություններ է ստեղծում մարդկանց համար: Երկրորդ կարևոր քայլը, որ ուղղակիորեն աշխատատեղեր ստեղծելուն միտված չէ, բայց հանգեցնելու է դրան, ներդրողների համար վստահելիության ցուցանիշի բարձրացումն է: Երբ պետական կառավարման մարմինը վստահելի է խոշոր ներդրողների համար, այդ ներդրումները կլինեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Հիմա, օրինակ, մենք ունենք 2 կարևորագույն պայմանավորվածություն խոշոր ներդրողների հետ, որոնցից մեկը պատրաստվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզում հիմնել 60 հողմակայաններ՝ 180 մգվ հզորությամբ: Սրանք գործընթացներ են, որոնք կակտիվացնեն կյանքը մարզում և կտան նոր հնարավորություններ:

- Կա՞ն նախադրյալներ Կոտայքը բիզնես և զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար:

Ես իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում պարբերաբար այցեր եմ ունենում նաև արտադրական ընկերություններ՝ ծանոթանալու մարզի բիզնես պոտենցիալին և, այո՛, մենք ունենք հզոր պոտենցիալ բիզնես ոլորտի զարգացման և կայունացման համար: Այստեղ էլ իհարկե գլխավոր սկզբունք եմ տեսնում օրինականությունն ու մրցակցային հավասար պայմանները:

Տուրիզմի ոլորտը, հայտնի է, զարգացած է Կոտայքում՝ պայմանավորված հանգստի գոտիների, տեսարժան վայրերի բազմազանությամբ, սակայն կան համայնքներ, որոնք դուրս են մնացել ուշադրությունից: Օրինակ, էկոտուրիզմի համար հրաշալի վայր է Սևաբերդ համայնքը, որը, ցավոք, տասնամյակներ շարունակ անտեսվելով՝ գրեթե դատարկվել է: Իմ սկզբունքը հետևյալն է. եթե կան ներդրողներ, ապա ես նրանց ուղղորդելու եմ հենց այս համայնքները, որպեսզի մարզը զարգանա համաչափ, արդյունքում՝ զարգանան նաև ենթակառուցվածքները, բարձրացվի կյանքի որակը նաև հեռավոր համայնքներում:

Տուրիզմի ոլորտում մեկ այլ խոշոր ծրագիր է իրականացվում նաև մարզի Լեռնանիստ համայնքում, որն, ինչպես Ծաղկաձորը, հիանալի վայր է հատկապես ձմեռային տուրիզմի համար՝ պայմանավորված իր բարձր դիրքով և խստաշունչ ձմեռներով:

- Տարիներ շարունակ Կոտայքն ընկալվել է որպես ԲՀԿ-ական մարզ: Մարզում առկա որոշակի կոնսոլիդացիան օգնու՞մ է ձեզ Ձեր ծրագրերի իրականացման հարցում, թե՞ խանգարում է:

Ընկալում իհարկե կարող էր լինել, որովհետև ասօր մենք փաստացի ունենք մի իրավիճակ, երբ բացմաթիվ պետական կառույցներ, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները ղեկավարող անձինք ներկայացնում են հենց այդ կուսակցությունը: Ես հակված եմ կարծելու, և վստահ եմ՝ շատ ակնհայտ է, որ սա օբյեկտիվ իրավիճակ չէ, նաև հանրային կարծիքի ցուցիչ չէ, և մենք այս մասով, որպես մարզային իշխանություն, անելիք չունենք:

Մյուս կողմից, սակայն, մենք ձեռնարկել ենք գործուն քայլեր, որպեսզի տվյալ հաստատությունները վերջնականապես ապաքաղաքականացվեն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, սակայն դա չպետք է ներս մտնի դպրոցների, մանկապարտեզների, համատիրությունների և մի շարք այլ մարզային և համայնքային ենթակայության կառույցների դռներից ներս:

Այսուհետ Կոտայքի մարզում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և դրան վերաբերվի՝ որպես հիմնական առաքելություն, իսկ քաղաքական հայացքներն այդ ամենի վրա պետք է ազդեցություն չունենան:

Լուսինե Առաքելյան

Vesti.am