Վանան ու Վազգենը ծնվել են Լիբանանում: Թեև մի ամբողջ կյանք ապրել են մեկ այլ երկրում, որտեղ բոլորովին այլ մշակույթ ու սովորույթներ են, այնուամենայնիվ, որոշել են իրականություն դարձնել իրենց երազանքն ու կյանքը շարունակել Հայաստանում: Vesti.am-ը զրուցեց Վանայի հետ, ծանոթացավ նրանց պատմությանը, որն էլ կարող է խթան հանդիսանալ, որ մեր մյուս հայրենակիցներն էլ տեղափոխվեն Հայաստան:
Լիբանանյան կյանքի մասին
«Ես ծնվել եմ Լիբանանում, բայց երբ փոքր էի՝ սովետական տարիներին, ամեն ամառ ծնողներիս հետ գալիս էինք Հայաստան և երեք ամիս այստեղ էինք անցկացնում, եղբայրս էլ այստեղ է ծնվել: Անգամ սովետի անձնագիր ունեի:
Ես և ամուսինս՝ Վազգենը, ունենք երեք երեխա: Լիբանանում աշխատում էի հագուստի խանութում, իսկ ամուսինս ոսկերիչ է: Երկու աղջիկներս դպրոց էին գնում, փոքրը մեկ տարեկան է:
Ինչպե՞ս որոշեցին տեղափոխվել Հայաստան
Անցած տարի, երբ եկել էինք Հայաստան, ամուսինս առաջին անգամ էր Հայաստանը տեսնում: Շատ սիրեց, տեսավ, որ մեր երկիրն է, ուր էլ գնանք, վերադառնալու ենք մեր երկիր, մեր հայրենիք: Բեյրութում էլ, երբ վիճակը վատացավ, Սիրիայից շատ մարդ եկավ, մուսուլմանները շատացան, շատ վտանգավոր էր արդեն: Բացի այդ, շատ թանկացումներ եղան երկրում, շատ դժվար էր երկու հոգով աշխատելու դեպքում երեխաներին դպրոց ուղարկել, ապրել: Երևան էլ վախենում էինք գալ, քանի որ կառավարությունն ուրիշ էր, շատ էինք լսում, որ չես կարողանա մի գործ անել այստեղ, քեզանից փող են ուզում՝ այսքան ինձ պետք է տաս, թե չէ այսպես կանեմ, չես կարողանա աշխատել, գործդ կփակես ու կփախչես: Շատերը փախան, գնացին Երևանից: Երբ կառավարությունը փոխվեց և եկավ Նիկոլ Փաշինյանը, շատ ուրախացանք, որ կարող էինք վերադառնալ Հայաստան: Արդեն երեք ամիս է ես Հայաստանում եմ, շատ հանգիստ ենք, շատ ուրախ ենք: Հուսանք այսպես կմնա, երկիրը դեպի ավելի լավի կգնա:
Երազի նման էր, երբ այսքան տարի հետո եկանք Հայաստան: Բայց, անշուշտ, այս կառավարությունը չփոխվեր, մենք չէինք գա, վախենում էինք, երբ Հայաստան տեղափոխված մարդիկ նորից վերադառնում էին Լիբանան:
Եղե՞լ է մի պահ, որ փոշմանել է Հայաստան տեղափոխվելու համար
Չի եղել: Հիմա երբ ինձ հարցնում են նորից կգնա՞ս Բեյրութ, ասում եմ՝ ոչ: Շատ լավ է, երեխաներիս համար շատ լավ է: Աշխատողի համար լավ է երկիրը, դպրոցները շատ լավն են, մարդիկ էլ շատ լավն են, թեև ամեն երկրում էլ լավն էլ կա, վատն էլ: Կարևորն այն հանգստությունն է, որ այստեղ կա, երկրի հանդարտությունն է: Ամուսինս ևս մտադրություն ունի գալ Հայաստան, պարզապես այնտեղ անավարտ գործեր ունի, դրանից հետո անշուշտ կգա, սպասում ենք:
Սպասելիքներն արդարացա՞ն
Արդարացան: Երկիրն առաջ է գնում, շատ փոփոխություններ են լինում, որ չէինք սպասում:
Ի՞նչ դժվարությունների հանդիպեց Հայաստանում
Հայաստանում առանձնապես դժվարությունների չենք հանդիպել: Միակ խնդիրը, որին հանդիպեցինք, հիվանդանոցում էր: Չգիտեին, թե ինչ թղթեր էր պետք, մեկը մյուսին էր հարցնում, տեղյակ չէին: Պետք է օրենք դրվի, դրսից եկողներին հստակ ասվի, թե ինչ թղթեր են պետք, ուր պետք է գնալ այդ թղթերի համար: Իրենք էլ չգիտեն որն ինչպես պետք է արվի:
Մի խնդիր էլ կա. մի քիչ տներն են թանկացել, պետք է հետևեն դրան: Պետք չէ այդպես անել, պետք չէ ժողովրդի գալու փաստից օգտվել և թանկացնել տները: Այս ժողովուրդը մեր հայն է, ժամանակին երբ ջարդվեցին, իրենք գնացին դուրս, իրենք չարչարվեցին, հիմա գալիս են հետ, պետք է այդպես չանեն:
Ինչո՞վ է զբաղվում Հայաստանում
Տանը պատրաստում եմ Բեյրութի հայկական ճաշեր, Բեյրութի արաբական ճաշեր, անուշներ, նույնիսկ եվրոպական ճաշեր, պատվերներ եմ ընդունում (ուտեստներին կարող եք ծանոթանալ այստեղ): Մարդիկ, որ ծանոթ չեն այդ ճաշատեսակներին, ծանոթանում են, պատվիրում են, հավանում են: Մեր երկրի համար էլ մի փոփոխություն է:
Հորդորո՞ւմ է լիբանանաբնակ ազգականներին, ծանոթներին, որպեսզի նրանք էլ տեղափոխվեն Հայաստան
Ես շատ մեծ շրջապատ ունեմ: Հայերից բացի ունեմ արաբախոս քրիստոնյա շատ ծանոթներ: Շատ են գալիս Հայաստան, շատ են սիրում: Ինչ վերաբերում է գալ, մնալուն, ով ունի Հայաստան գալու կարողություն, բոլորը գալիս են: Իմ բարեկամներից շատերն արդեն այստեղ են, շատերը պատրաստվում են մինչև տարեվերջ գալ: 5-6 ընտանիք, որ ճանաչում եմ, տեղափոխվեցին Հայաստան: Շատերը կան, որ փափագում են գալ Հայաստան, բայց հնարավորություն չունեն: Ճիշտ է, Հայաստանում գազը, լույսը, ջուրը դրսի համեմատ էժան է, բայց այստեղ ապրելն այդքան էլ հեշտ չէ: Եթե այնտեղից մեկը գա, որ հավաքած գումար չունի, ավելի դժվար կլինի նրանց համար:
Ի՞նչ զգացին, երբ տեղափոխվեցին Հայաստան
Ամեն տարի, որ գալիս էինք, ուրախությամբ էինք գալիս, երբ վերադառնում էինք Լիբանան, երեխաներս լաց լինելով էին գնում: Հայաստանն իրենց համար դրախտ է, դուռը բացում են, բակում խաղում են: Այնտեղ չենք կարողանում դուռը բացել, բակ իջնել, վախենում ենք: Այստեղ մտքներս հանգիստ է: Վերջիվերջո, ուր էլ գնաս, սա քո հայրենիքն է, քո տան մեջ քեզ հանգիստ ես զգում, այնտեղի վախերը չկան: Հայաստանի նման չկա, երանի թե դրսի հայությանը, որոնք չեն կարողանում գալ, օգնեն, մի փոքր հողով, մի փոքր բանով, մեր երկիրը շատ մեծ է, շատ մարդ կարող է այստեղ ապրել: Եթե մի փոքր բանով օգնեն, մեր երկիրը դեռ ավելի լավ կդառնա»:
Հեղինակ՝ Մերի Բալասանյան
Vesti.am