Foto

Շուրջ 10 օր է ադրբեջանական կողմն անկանոն կրակում է Բաղանիսի ուղղությամբ. Նարեկ Սահակյան

Սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը։ Այդ մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Գիշերը 10:30 5-7 րոպե կրակեցին: Դրանից հետո հանգիստ է եղել: Առանձնակի վնաս չունենք»,- ասաց Նարեկ Սահակյանը՝ հավելելով, որ հիմնականում  երեկոյան ժամերին են կրակում, ընդհատումներով, բնակավայրերի ուղղությամբ:

Թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը՝ Նարեկ Սահակյանն ասաց, որ  սեպտեմբերի 2-ին կարող է պայմանավորված լինել Արցախի անկախության օրով, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպեցին:

«Մենք սովոր ենք մի բանի հետ կապել: Կարևորը լուրջ վնասներ չկան. ծառերի էլ է կպել, պատի էլ է կպել, տանիք էլ է ծակել: Գյուղի վրա կրակում են, որտեղ կպավ, կպավ, ուղղակի բախտներս բերել է այսքան ժամանակ մարդկային կորուստ չենք ունեցել, դա է մեր բախտավորությունը»,-ասաց Նարեկ Սահակյանը:

Մերի Բալասանյան

Vesti.am