ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2018 թվականի հունվար-օգոստոսին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել են 880.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670.7 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։
Նա ընդգծեց, որ նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 մլրդ դրամ կամ 15.9%։ Այդ թվում, հարկային մասով աճը կազմել է 100.7 մլրդ դրամ կամ 17.7%, իսկ մաքսային մասով՝ 20.1 մլրդ դրամ կամ 10.6%։
«Գործող օրենսդրության համաձայն, հավաքագրված գումարներից հարկ վճարողների բանկային հաշիվներին իրականացվում է վերադարձ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում արտահանում իրականացրած հարկ վճարողների ԱԱՀ-ի վերադարձները»,-ասաց Անանյանը՝ հավելելով, որ այս տարվա հունվար-օգոստոսին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 67.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 41.1 մլրդ դրամի փոխարեն կամ 26.1 մլրդ դրամով ավելի։
Նա ընդգծեց, որ 2018 հունվար-օգոստոսին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 812.8 մլրդ դրամ, որը 78 մլրդ դրամով կամ 10.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։
Անդրադառնալով գերավճարներին, Դավիթ Անանյանն ասաց, որ 2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 53.3 մլրդ դրամով։
«Հունիսից սկսած գերավճարների դինամիկան ունի շարունակաբար նվազելու միտում։ Այսպես, 2018-ի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ դրամով, հուլիսի 1-ին՝ նախորդ տարվա համեմատ՝ 47.9 մլրդ դրամով, օգոստոսի 1-ին՝ 53.3 մլրդ դրամով»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Vesti.am









