Այսօր ՍԴՀԿ քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը և ևս մի քանի հոգի այլևս Հնչակյան կուսակցության անդամ չեն:
Vesti.am-ի հետ զրույցում Արմեն Մկրտչյանը պարզաբանեց, թե ինչու է նման որոշում կայացրել:
- Պարոն Մկրտչյան, ինչո՞վ է պայմանավորված Հնչակյան կուսակցության շարքերը լքելու ձեր մտադրությունը:
Խնդիրը հետևյալն է. երբ որ մենք սկսել ենք համագործակցությունը, մեր առջև դրված էին մի քանի խնդիրներ: Դրանցից աառաջինը գաղափարական դաշինքի և հնարավոր դաշնակիցների հավաքագրման պրոցես սկսելն էր: Մենք շեշտում էինք, որ սովորաբար դաշինքները Հայաստանում ապագաղափարական են լինում և այլն: Ե՛վ մեր, և՛ Հնչակյանների գաղափարները բնականաբար համընկնում էին, բայց այդ ժամանակ ունեինք քաղաքական իրողություն՝ գործում էինք Սերժ Սարգսյանի իշխանության, բռնապետության օրոք, և օբյեկտիվ ու սուբյեկտիվ առումներով մեր գործունեությունը բնականաբար միտված էր առաջին հերթին Հայաստանի քաղաքացու ազատագրմանը և երկրում առկա արատավոր բարքերի և կարգերի փոփոխությանը:
Ապրիլին ունեցանք մի աննախադեպ պրոցես. բոլորիս, մասնավորապես իմ և իմ ընկերների մեկ տասնամյակ շարունակվող պայքարը արդյունք չտվեց, կարծես թունելի վերջում լույս երևաց և հնարավորություն ընձեռվեց վերջապես տապալել ապօրինի իշխանությունը: Առաջին իսկ օրից մասնակցեցինք թավշյա հեղափոխության պրոցեսին: Սակայն, ցավոք սրտի, այս փաստը չընկալվեց և չընդունվեց հին հնչակյանների կողմից: Այդտեղից էլ սկսվեցին մարտավարական տարաձայնությունները: Բնականաբար, երբ թիմի ներսում մարտավարական տարաձայնություններ են, աշխատանքը, մեղմ ասած, չի ստացվում: Այդպես շարունակվեց մինչև վերջերս: Ես, իմ շատ ընկերները անհատական հայտարարությամբ հանդես եկանք Հայկ Մարությանին սատարելու համար (Երևանի ավագանու ընտրություններում - խմբ.), սակայն կուսակցության վարչությունը ինչ- ինչ պատճառներով նմանատիպ հայտարարությունը չընդունեց: Սակայն միայն այս դեպքը չէր. այս մի քանի ամիսներին շարունակվող տարաձայնությունների կուլմինացիան եղավ այս մի դեպքով, և մենք նմանատիպ որոշում կայացրեցիք: Մեր և հին հնչակյանների հիմնական խնդիրը մարտավարությունն էր. նրանց կարծիքով նմանատիպ մարտավարությունն ընդունելի չէր:
Ես պայմանականորեն բաժանում էի դրել՝ հեղափոխականներ և կոմֆորմիստներ: Մենք փաստորեն հեղափոխականները եղանք, մեր մյուս հարգարժան ընկերները ավելի կոմֆորմիստ գտնվեցին:
Բայց անկախ ամեն ինչից շատ ուրախ եմ մեր մեկ տարվա համագործակցությունից, որովհետև որոշակի խնդիրներ ենք կարողացել լուծել, որոշակի հարցեր ենք կարողացել բարձրաձայնել, որոնց լուծումները մենք տեսել ենք և ի նպաստ Հայաստանի գործունեություն է ծավալվել: Ես նաև շատ շնորհակալ եմ սփյուռքի բոլոր կուսակցականներին, ովքեր հայապաշտպան գործունեություն են ծավալում: Ուղղակի գլխավոր խնդիրն այն է, որ կուսակցության ներսում մեր մարտավարությունները չեն համընկնում և օր օրի այդ անդունդն ավելի էր մեծանում:
- Հնարավո՞ր է քաղաքական նոր ուժով հանդես գաք, առավել ևս երբ ապագայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
Ունենք ծրագրեր և անմասն չենք մնալու: Հանդես եք գալու հետաքրքիր ֆորմատով, որը դեռևս հայկական քաղաքական դաշտում ներկայացված չի եղել: Աշխատում ենք հիմա նմանատիպ ֆորմատի շուրջ: Մնացածը ժամանակը ցույց կտա:
Իմ կարծիքով պետք է կարողանանք նոր սերնդով ձևակերպել հայկական երազանքը, այսինքն այն բանաձև, որը Հայաստանի քաղաքացին պետք է համարի իր երազանքը և այն փիլիսոփայությունը որը որ պետք է միավորի աշխարհի ամբողջ հայությանը Հայաստանի շուրջ:
Լուսինե Առաքելյան
Vesti.am