Foto

Երկրորդ երեխայի միանվագ նպաստի չափը երեք անգամ կբարձրանա

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1‑ին  մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «հիսուն հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով.

  1. որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1‑ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):
  3. Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան:

Համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

Գործող իրավակարգավորումներով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումն սկսվում է երրորդ երեխայից սկսած:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում կազմի հարյուր հիսուն հազար դրամ:

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող  նոր ծնված երեխայի թիվը հետևյալն է` 16 051, 15 850, 15 032:  2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում»,-նշեց նախարարը՝ կոչ անելով երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել պատասխանատվությամբ:

Նախարարը նաև հավելեց, որ իրավական ակտի կիրառման արդյունքում, երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 150 000 դրամ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց, որ երկվորյակ երեխաների դեպքում գումարը կրկնապատկվի, վարչապետն էլ չառարկեց:

Հարցի քննարկումը հետաձգվեց, որպեսզի մի քանի նոր դրույթներ ավելացվեն։

  Vesti.am