Դիվերսիֆիկացիան էներգետիկ անվտանգության ապահովման թերևս առանցքային նախապայմանն է: Եվ այդ իմաստով էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի՝ օրերս արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում մինչև 2020 թ. 100 մեգավատտանոց մի քանի արևային կայան է կառուցվելու, միանգամայն ողջունելի է: Հատկապես պետք է հաշվի առնվի այն, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը ժամանակակից աշխարհում կարևոր մարտահրավեր է, և մենք ևս պետք է հետ չմնանք այս հարցում: Սակայն, երբ սովորաբար զուգահեռներ ենք անցկացնում համաշխարհային փորձի հետ, պետք է նաև արձանագրենք, որ բացառությամբ մի քանի երկրների, վերականգնվող էներգետիկայի զարգացումը հիմնականում ավանդական էներգետիկայի կայացած լինելու պարագայում է հնարավոր դառնում: Ավելին՝ վերականգնվողը հաճախ վերահսկվում է ավանդականի կողմից, ինչն արտահայտվում է, օրինակ, նրանում, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարեկան մոտ 300 մլրդ դոլար իրականացվող ներդրումների զգալի մասը ապահովվում է ածխաջրածնային ընկերություննրի կողմից: Ու սա ևս կարևոր ազգակ է:
Այնպես որ, որքան էլ նախարար Գրիգորյանի հայտարարությունը կարող է դրական միտումներ ունենալ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք նաև ոլորտի այն խորքային խնդիրները, որոնք լուծելու պայմանում է միայն հնարավոր նման «կանաչ» հռետորաբանություն կիրառել:
Երբ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարը խոսում է մինչև 2020 թ. 100 մեգավատտանոց մի քանի արևային կայան կառուցելու մասին, նա պետք է որ պատկերացնի, որ 1 մեգավատտ հզորությունը մոտ 1 մլն դոլար արժե: Հետևաբար, նախարարը վստահ է, որ երկու տարվա ընթացքում կհաջողվի մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում բերել Հայաստան: Հավակնոտ է, ինչ խոսք, սակայն ցանկացած հավակնություն պետք է հիմնավորված ու հաշվարկված լինի: Բոլորս էլ շահագրգռված ենք նրանում, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները հաջողվեն: Սակայն անգամ եթե այդ բարեփոխումների դեպքում Հայաստանում վերանա կաշառակերությունը, իսկ հարկային օրենսգիրքը մաքսիմալ կերպով կներդաշնակեցվի տնտեսվարողների շահերին, միևնույն է, դա բավարար չի լինի նման ծավալի ներդրումներ ապահովելու համար: Խնդիրը նրանում է, որ էներգետիկայի պես խոշոր ու բարդ ոլորտում հարյուրավոր միլիոնների ներդրումներ իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է դինամիկ կերպով զարգացող ու աճող շուկա, որն, ավաղ, Հայաստանում առկա չէ: Որպես օրինակ դիտարկենք իտալական «ՌԵՆԿՈ»-ի՝ Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի շինարարությանն ուղղված 300 մլն դոլար ու 900 աշխատատեղ նախատեսող ներդրումային ծրագիրը, որն այսօր արդեն հայտնվել է կասեցման վտանգի առջև: Բանը նրանում է, որ նախկին իշխանությունների հետ իտալացի գործարարներին հաջողվել էր ձեռքբերել իրենց համար գերհարմար պայմաններ, և այսօր, կառավարության կողմից այդ պայմանների վերանայման ու ընդհանուր շուկայական իրողություններին համապատասխանեցնելու պարագայում, ծրագիրը կորցրեց իր գրավչությունը ներդրողների համար: Խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ներքին սպառման ու արտահանման ծավալների անբավարար լինելը: Նման պայմաններում դժվար թե որևէ մեկն իր միջոցները զոհաբերի հանուն ոմանց պոպուլիստական ամբիցիաների բավարարման:
Հարցի երկրորդ կողմն այն է, որ Հայաստանի էներգահամակարգը ավելցուկային է, և առանց այդ ավելցուկի համար սպառման շուկա ապահովելու առնվազն էներգետիկ անվտանգության համար վտանգավոր է նոր՝ հարյուրավոր մեգավատտանոց հզորություների ստեղծման մասին խոսելը: Սա բերելու է էներգետիկայի գերծանրաբեռնվածության, ինչը վտանգելու է համակարգը: Մյուս կողմից, խոսվում է այն մասին, որ դրանով իսկ նպատակ է հետապնդվում նվազեցնելու մեր կախվածությունը դրսից ներկրվող բնական գազից: Առաջին հայացքից շատ տրամաբանական ու ազգանպաստ նպատակադրում է: Սակայն բնական գազի ներկրման ծավալների կտրուկ վերանայումը ենթադրում է, որ, օրինակ, նույն Երևանի ՋԷԿ-ը ըստ էության անգործության է մատնվելու, մինչդեռ այդ օբյեկտի մոդեռնիզացման համար հսկայական վարկային միջոցներ են ներգրավվել նախկինում, և այդ վարկերն այսօր մարվում են սակագների հաշվին, այլ խոսքերով՝ քաղաքացիների հաշվին: Հետևաբար, այսօր անհրաժեշտ է բարձրացնել այդ կայանի արդյունավետությունը, որպեսզի նվազեցնել վարկային բեռի բացասական ազդեցությունը համակարգի վրա, այլ ոչ թե նոր հզորություններ ստեղծելով՝ նոր բեռ դնել երկրի ուսերին:
Ի դեպ, այս մոտեցումներն առկա էին նաև նախորդ իշխանությունների մոտ, որոնք հայտարարում էին, որ 3 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի գեներացման մոտ 40 տոկոսն ապահովվելու է արևային էներգետիկայի հաշվին՝ առանց գիտակցելու, որ նման ցուցանիշներին հասնելու համար տասնամյակների աշխատանք է հարկավոր: Նույն Դանիան, օրինակ, վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերը սկսեց 1970-ականներին, և միայն այսօր է կարողացել հասնել այս ոլորտում եվրոպական առաջատարի կարգավիճակին:
Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես է կարելի Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շինարարության խայտառակ դանդաղ տեմպերի պարագայում նման նոր նախաձեռնություններով հանդես գալ: Հիշեցնեմ, որ Իրան-Հայաստան հատվածը պետք է շահագործման հանձնվի 2018-ին, ինչի համար որևէ նախադրյալ դեռ չենք տեսնում. ինքը՝ նախարարը օբյեկտիվորեն խոսում է նախագծի ընդամենը 10%-ի պատրաստ լինելու մասին: Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան հատվածին, ապա էներգետիկայի նախարարն արդեն խոսում է նոր նախագծի մշակման մասին, որը կներկայացվի միչև տարվա վերջ: Ակնհայտ է, որ նման գործելաոճով մենք պարզապես ժամանակ ենք կորցնում, ինչն աններելի է ներկայիս դինամիկ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում:
Մինչդեռ դա այն նախագիծն է, առանց որի շատ դժվար է առհասարակ պատկերացնել Հայաստանի էներգետիկայի վաղվա օրը, քանի որ միայն արտահանման ծավալներն ավելացնելով ՝ մենք ի վիճակի կլինենք ոլորտի կայուն զարգացում ապահովել: Ի դեպ, այսօր այստեղ ևս առկա են լուրջ մարտահրավերներ, ու դրանցից թերևս ամենակարևորը տարածաշրջանում ընթացող աշխարհատնտեսական զարգացումներն են, որոնք զգալիորեն սահմանափակում են Հայաստանի արտաքին տնտեսական ու, մասնավորապես, էներգատրանսպորտային հնարավորությունները: Խոսքը և՛ Հյուսիս-Հարավին այլընտրանք ստեղծելու Բաքվի փորձերի, և՛ Իրանի կողմից հզորությունների ստեղծման ու էլեկտրաէներգիա արտահանողի կարգավիճակ ստանալու, և՛ Վրաստանի՝ էլեկտրաէներգիայի ներկրման կառուցվածքային փոփոխությունների մասին են:
Մեկ այլ խնդիր է ներքին սպառումը: Ցավոք, էներգետիկան այսօր մեզանում շարունակվում է դիտարկվել որպես ավտարկիկ, երկրի ընդհանուր տնտեսության հետ կապ չունեցող ոլորտ, ինչի մասին է վկայում նաև նախարարի վերջին հայտարարությունը: Նոր հզորությունների ստեղծման մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ ունես կայացած էներգատար տնտեսություն՝ զարգացող ու գիտելիքահեն արդյունաբերական համալիր, դիվերսիֆիկացված ու ինտեգրավ տրանսպորտային համակարգ և այլն: Էլ չեմ խոսում կայուն դեմոգրաֆիական աճի մասին: Մինչդեռ նոր կառավարությունը որպես տնտեսության զարգացման առանցքային ճյուղեր է հայտարարել գյուղատնտեսությունը, տուրիզմն ու տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ոլորտներ, որոնք էներգատար չեն և չեն պահանջում նոր՝ իրենց սպասարկող էներգետիկ հզորություններ:
Ամփոփելով, պետք է արձանագրեմ, որ Հայաստանում էներգետիկ ոլորտը շարունակվում է կառավարվել ոչ համակարգային ու քաոտիկ ճանապարհով: Ի դեպ, դրա հիմքերը դրվել էին դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, երբ, չգիտես ինչու, «Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը» վերանվանվեց «Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության»: Մինչդեռ էներգետիկան ամենևին էլ չի սահմանափակվում էներգետիկ ենթակառուցվածքներով: Էներգետիկան նաև շուկա է՝ արտաքին ու ներքին, մարքեթինգ է, կադրային կառավարում է, ազգային անվտանգություն է ու աշխարհաքաղաքականություն: Այս իմաստով, իհարկե, տրամաբանական է ու օրինաչափ, որ նախքան շուկան ամբողջությամբ վերլուծելու ու վտանգները հաշվարկելու թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունները նոր հզորությունների մասին են խոսում:
Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ 03.09.2018









