ՀՀ կառավարությունն օգոստոսի 30-ի նիստում որոշում է կայացրել ազատ տնտեսական գոտի ստեղծել Հրազդան քաղաքում, որի կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ին: Ազատ տնտեսական գոտին կգործի Գործարանային 1 հասցեում գտնվող տարածքում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպության ներկայացրած ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2043 թվականը կներգրավվի շուրջ 200 շահագործող այդ տարածքում.
«Ծրագրի ընթացքում կազմակերպիչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխախատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում և խթանել կայուն տնտեսական զարգացումը:









