ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ երեկ հայտարարեց, որ Հարկային օրենսգրքում լրաջագույն փոփոխություններ են կատարվելու, իջեցվելու է եկամտհարկը:
Vesti.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ միայն եկամտահարկը չէ, որ մեզ պետք է անհանգստացնի:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ պետք է հասկանալ Հարկային օրենսգրքի տրամաբանությունը:
«Եկամտահարկի իջեցման խնդիրն օրակարգում կար, պարզ էր, որ այն վերջին մեկ տարվա ընթացքում սխալ էր և դա չէր նպաստելու, որպեսզի գործարարները սպիտակ շուկայում աշխատեին աշխատողների հետ հարաբերություններում»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ իրականում եկամտահարկի տոկոսադրույքը շատ բարձր է և դա գրավիչ չէ գործարարների համար:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ սա այսպես, թե այնպես պետք է անհանգստացներ գործող Կառավարությանը, բայց, նա կարևորեց նաև այն հանգամանքը, թե ինչ են անելու մյուս հարկատեսակների հետ:
«Ամբողջությամբ նայելուց հետո արդեն կարելի է գնահատական տալ՝ սպասվելիք Հարկային օրենսգիրքը լինելու տնտեսության համար շատ ավելի նպաստո՞ղ, քան նախկինը»,-ասաց նա:
Մեր հարցին՝ Հարկային օրենսգրքում ի՞նչ բացթողումներ կան, որոնք պետք է վերանայվեն, տնտեսագետը պատասխանեց, որ պետք է մոտեցումը փոխվի այն նկատառումից ելնելով, որ ամբողջ Հարկային օրենսգրքի տրամաբանությունն ուղղված լինի նրան, որ գործարարներն ուղղակի շահագրգռված լինեն աշխատել հարկային դաշտում:
«Նրանց այլընտրանքային տարբերակներ պետք է առաջարկել, ինչպես հիմա ուզում են անել նույն Շրջանառության հարկի կիրառման դեպքում, երբ մարդկանց հնարավորություն են տալիս ընտրելու կա՛մ Շրջանառության հարկով աշխատել, կա՛մ ԱԱՀ-ով»,-նկատեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ Հարկային օրենսգիրքը միշտ պետք է նման տրամաբանություն ունենա, պետք է այլընտանքների հնարավորություն տա գործարարներին և նրանք իրենց ընտրությամբ որոշեն, թե որ տարբերակն է ձեռնտու:
Որպես երկրորդ կարևոր կետ տնտեսագետն ընդգծեց, որ Հարկային օրենսգիրքը պետք է գործարարների համար պայմաններ ստեղծի, որպեսզի նրանք շահագրգռված լինեն ներդրումներ անել՝ և՛ ներքին, և՛ արտաքին:
«Երրորդը՝ Հարկային օրենսգրքով պետք է այնպիսի իրավիճակ լինի բիզնեսի համար, որ այն խնայողության ձգտի իր գործարարության մեջ: Հարկային օրենսգիրքը պետք է դրան էլ նպաստի: Ամենակարևորն այն է, որ պետք է Հարկային օրենսգիրքն այնպիսին լինի, որ գործարարները, գործատուները, աշխատողներն սպիտակ դաշտում աշխատելու ձգտում ունենան և այնպիսի իրավիճակ լինի, որ միայն այդ պայմաններում բիզնեսը ձեռնտու լինի, ավելորդ խոչընդոտներ չեն հանդիպի վարչական միջոցների կիրառման ժամանակ և հարկային մարմին-գործարար հարաբերությունները հենց այդ իմաստով շատ ավելի պարզ ու հստակ կլինեն ու չեն անհանգստացնի բիզնեսի ներկայացուցիչներին»,-հավելեց Վահագն Խաչատրյանը:
Մերի Բալասանյան
Vesti.am









