Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ Հայաստանում եկամտահարկի նվազեցման տարբեր սցենարներ կան, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտային հարկը, իսկ միկրոբիզնեսի համար սահմանվելու է սիմվոլիկ հարկ:
«Սցենարները շատ են, քննարկվում են տարբեր սցենարներ: 8-9 սցենար կա: Այս պահին չէի ցանկանա բացահայտել, որովհետև դրանցից ամեն մեկի տակ կան թվային հաշվարկներ, իսկ այդ հաշվարկները հիմնականում վերաբերվում են նրան, թե կոնկրետ եկամտային հարկի տոկոսադրույքների նվազեցման արդյունքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում, դրանց փոխհատուցում: Կա նաև երկրորդ մաս, թե ինչպիսի գործիքակազմ օրենսդրության մեջ պետք է փոխվի»,- նշեց Անանյանը:
Հարցին, թե ե՞րբ տեղի կունենա եկամտահարկի նվազեցումը, Անանյանն ասաց, որ որոշումները կլինեն մոտ օրերս:
«Սեպտեմբերին արդեն կառավարությունում կունենանք միասնական դիրքորոշում և հանրությանը տեղյակ կպահենք: Այսինքն, փոփոխությունների գնալու ենք այս տարի», - հավելեց Անանյանը:
Vesti.am









