Foto

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ինչ-որ առումով, ճնշում է հայ գործարարների վրա. Վարդան Ոսկանյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս խոսել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ու Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին: Դեսպանը նշել է, որ պատժամիջոցները կառնչվեն Իրանի որոշակի կառույցների և ձեռներեցների, ովքեր ներգրավված են այդ գործունեությունում: Նա նաև հավելել է, որ այն հայ ձեռներեցներին, ովքեր տնտեսական համագործակցություն ունեն իրանցի գործարարների հետ, կարող են խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը` պատահաբար պատժամիջոցային ցուցակում չհայտնվելու նպատակով:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանի հայտարարության մեջ մտահոգություններ կան, որովհետև Միացյալ Նահանգների պատժամիջոցները վերաբերում են այնպիսի ոլորտների, որտեղ Հայաստանը և Իրանը գործարարների մակարդակում ունեն համագործակցություն, և այստեղ առնվազն տարօրինակ է, որ հայ գործարարը պետք է խորհրդակցի Նահանգների դեսպանատան հետ: «Ես կարծում եմ, որ Հայաստանի գործարարները, առաջին հերթին, առաջնորդվում են սեփական բիզնես մտածելակերպով, ու նրանք խորհրդատվություն պետք է ստանան Հայաստանի պատկան մարմիններից: Հետևաբար,  եթե փոքր-ինչ խիստ դատենք, ապա հայտարարությունը կարելի է համարել ինչ-որ տիպի ճնշում մեր գործարարների վրա, իսկ նմանատիպ գործելաոճը պետք է ընդունելի չլինի Հայաստանի համար, որովհետև մեր և Իրանի հարաբերությունները կենսական նշանակություն ունեն»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ տնտեսական մակարդակում մենք հաճախ չունենք այլընտրանքներ, ու այդ հանգամանքը պետք է դիտարկեն նաև Միացյալ Նահանգներում:

Անդրադառնալով դեսպանի հայտարարության այն հատվածին, թե Իրանի դեմ պատժամիջոցներն ընդունվում են ահաբեկչական գործունեության կանխման համար՝ մեր զրուցակիցը կրկին անհամաձայնություն հայտնեց: Ասաց, որ ակնհայտ է՝ տարածաշրջանում իրանական ներկայությունն ունի կայունացնող գործոն: Ապա նկատեց, որ Իրանն այն երկրների շարքում է, որ կատաղի պայքար էր մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ու Իրաքում այդ կառույցի չեզոքացման գործում մեծ էր հենց այդ երկրի դերը: Հետևաբար, ըստ իրանագետի, Իրանին ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ մեղադրելն անտրամաբանական է:

Vesti.am-ի դիտարկմանը, թե ԱՄՆ-ը նաև Հայաստանի ձեռքով է ցանկանում հարվածել իրանական տնտեսությանը, պարոն Ոսկանյանն արձագանքեց.  «Չեմ կարծում՝ եթե հայ-իրանական հարաբերությունները դադարեցվեն, ապա իրանական տնտեսությանը մեծ վնաս կլինի, ավելին՝ որոշակիորեն կարող է տուժել Հայաստանի տնտեսությանը: Իսկ ինչ վերաբերում է խորհրդակցելուն, ապա մեր գործարարները խորհրդատվություն պետք է ստանան կամ միջազագային կառույցներից, որոնք ունեն դրա փորձն ու լիազորությունները, կամ էլ, բնականաբար, հենց հայաստանյան կառույցներից՝ նախևառաջ մեր արտգործանախարարությունից, որն, առաջին հերթին, առաջնորդվում է սեփական երկրի շահերով»:

Ի վերջո, ի՞նչ պատճառաբանությամբ է Միլսը նման «խորհուրդ» տալիս հայ գործարարներին. հարց ուղղեցինք իրանագետ Ոսկանյանին: Ասաց, թե պատճառներն, անկեղծ ասած, անհասկանալի են, բայցև նկատեց, որ եթե ընդհանուր վերլուծենք, ապա ԱՄՆ-ն ցանակնում է ապահովել Իրանի չակերտավոր շրջափակումը՝ հաշվի առնելով այն բարձր քաղաքական հարաբերությունների մակարդակը, որն առկա է Հայաստանի ու Իրանի միջև, և որը, ինչ-որ, տեղ պայմանավորված է տնտեսական հարաբերությամբ:

«Հայ հասարակության մեջ վախեր առաջացնելն ու այդ գործակցությունը սահմանափակելը կարող է բերել նաև քաղաքական հարաբերությունների մակարդակի նվազման, իսկ քաղաքական հարաբերություններն Իրանի ու Հայաստանի միջև  ո՛չ երեկ են ձևավորվել, ո՛չ երեկ չէ առաջին օրը, ու մենք այս տարածաշրջանում շարունակ ապրում ենք բարեկամաբար: Հայ-իրանական հարաբերությունները երբևէ չեն խաթարվել որևէ կողմի հանդեպ որդեգրած թշնամական գործողություններից, հետևաբար, կարծում եմ, բոլոր կողմերը, որ շահագրգիռ են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, պետք է օժանդակեն Հայաստան-Իրան գործակցությանն ու նպաստեն, որ այդ գործակցությունը կայանա ու խորանա»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Վրույր Սևակ

Vesti.am