Vesti.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ՀԿԵ-ում տեղի ունեցող չարաշահումներին և բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներին: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, որ իրեն տրամադրված տեղեկությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ «Մխչյանր, «Արևիկ», «Սոլակ», «Այգեվան», «Ջաջուռ», «Բայանդուր», «Սովետական», «Արմավիր», «Հաղպատ», ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծերը:
«Բացի այդ, ինձ տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են»,-ասել է Գորգիսյանը:
Նույնիսկ տարօրինակ էր թվում, որ պատկան մարմինները տևական ժամանակ լռում էին ու ոչ մի արձագանք չէր լինում: Եվ ահա օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը։ Գործողություններին մասնակցել են նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
Ըստ որոշ տեղեկությունների` հարուցվել է քրեական գործ` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Sputnik Արմենիային» հայտնել են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության համապատասխան, կանոնավոր անցնում է հսկող մարմինների նախատեսված բոլոր ստուգումներն ու մտադիր է երկրի իրավապահ մարմիններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»։
Օրեր առաջ մենք անդրադարձել էինք ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի այն հայտարարությանը, իբր «ինչ-որ մեկը նպատակաուղղված հասարակությանը մոլորության մեջ է գցում»:
Հրապարակումից մեկ օր անց կատարվեց այն, ինչը գուցե հնարավորություն կտա ամբողջությամբ հետաքննել երկաթուղում տեղի ունեցած 10 տարվա թալանն ու չարաշահումները, որոնց համեմատ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելը մանկական թոթովանք կարող է թվալ:
Էդուարդ Սարիբեկյան