Foto

Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք. ՊԵԿ նախագահը՝ առևտրականներին

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:

«Պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է այս իրավիճակը՝ այս հարկային մարմնի հետ կապված: Չարաշահում են իրենց կոչումը, պաշտոնը։ Եվ առևտուրը առանց սխալների չի լինում, դա առևտուր է: Եվ եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու բարդ գործին, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում: Յուրաքանչյուր մազաչափ թերությունը խոշորացնել, դարձնել կոռուպցիոն հարց և մարդկանց ստիպել վերջին կոպեկը ներդնել իրենց գրպանը, այսօրվա խոսք չէ, այլ երկար տարիների գործելաոճ»,-նշեցին առևտրականները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին վստահեցրեց, որ օրենսդրության շրջանակում կմեղմացնեն վարչարարությունը, մինչև որոշում կկայացնեն ծառայողական քննության արդյունքներով:

«Ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր եմ ես տեսնում: Մենք ծառայողական քննություն կանցկացնենք և որոշում կկայացնենք: Մինչև այդ կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը:

Vesti.am