Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Vesti.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:
-Պարո՛ն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին զարգացումները:
Պետականության ամրապնդում: Մաքրվում է ամեն ինչ, ամեն աղբից, դավաճանից, կոռուպցիոներից: Պետք է նկատի ունենանք, որ միջազգային արձագանքը չափազանց դրական և օժանդակ է: Քաղաքական ոչինչ չկա: Այն կուսակցությունը, որ դրա մեջ քաղաքական բան է որոնում, նույն անցյալից է, ինչ Հանրապետականն ու մյուսները:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, նրա մոտեցումներն այս ամենի վերաբերյալ:
Հարց տվողը չափազանց մեղմ էր և, կարծես, գերնպատակ ուներ: Շատ հարմար հարցեր էր տալիս և բարյացակամ էր: Քոչարյանի ջղաձգությունը դեմքին էր: Սահամանդրություն, պետականության վտանգ և այլն, այդ ամենը հեքիաթներ են: Իրենք գործել են պետականության դեմ: Սերժ Սարգսյանն էլ զարգացրել է: Այդ երկուսը միասին են, միանշանակ: Տարօրինակը լրագրողի մեղմությունն էր: Մի անգամ չհարցրեց՝ բա որտեղի՞ց հարստացար, ի՞նչ իրավունքով և ի՞նչ աղբյուրներից սնվեցիր, որ դարձար միլիարդատեր:
-Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում շահարկում էր այն փաստը, որ երկիրը պատերազմական վիճակում է, արդյո՞ք դա մեղմացուցիչ հանգամանք է:
Երկիրը պատերազմական վիճակում է, այդ երկրի կողոպո՞ւտ են կազմակերպում: Եթե պատերազմական իրավիճակ է, վերնախավի երեխաները որտե՞ղ էին: Կոալիցիոն կառավարության երեխաները որտե՞ղ էին այդ տարիներին: Քանի՞սը ծառայեց բանակում՝ պատերազմական իրավիճակում: Իրենց արածը հեքիաթ է: Երկիրը հստակ կուրս է վերցրել իրավական պետություն ստեղծելու, դրա տակ ոչինչ որոնել պետք չէ: Ժողովուրդը սուվերեն է, ժողովուրդը հեղափոխություն է արել և սպասում է կարգուկանոնի հաստատմանը՝ օրենքի և իրավունքի շրջանակում: Հանցագործը՝ բանտ, ով արդար է՝ ազատություն: Ազատամարտիկներն ազատ արձակվեցին, իսկ սրանք պետք է ազատամարտիկների խցերում տեղավորվեն, զնդաններում, որովհետև նրանք բանտերը վերածել են զնդանների: Կարծում եմ՝ միջազգային աջակցությունը դրական է լինելու: Վարչապետը երեկվանից Սանկտ Պետերբուրգում է և երեկ Մոսկվայի սիրելի Ռոբերտ Քոչարյանը գնում է հարցաքնննության: Դա նշանակում է, որ Հայաստանը բացարձակ անկախ պետություն է: Ինչ-որ հեքիաթներ են պատմում պետականությունը վարկաբեկելու մասին: Ոչ անկախ պետությունը նման քայլ չի կարող անել: Մենք գնում ենք մեր ճանապարհով. Հայաստանն անկախանում է: Մաֆիան ոչնչանալու է, օլիգարխիա չի լինելու: Ավգյան ախոռները պետք է մաքրվեն: Մենք պետություն ենք դառնում, միանշանակ:
Մերի Բալասանյան
Vesti.am