Կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» նախագծի ընդունումից: Դրանով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչև 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:
Գործադիրը գտնում է, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է, և հետևաբար, դրան պետք է անդրադառնալ ոչ միայն վերոնշյալ խնդիրների լուծման տեսանկյունից, այլ նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին:
Կառավարության գնահատմամբ՝ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել միջոցառումներ բյուջետային եկամուտների վերոնշյալ կորուստները փոխհատուցելու համար, հակառակ դեպքում կձևավորվի առաջիկա տարիների բյուջետային եկամուտների բավականին մեծ ճեղքվածք, ինչն ընդունելի չէ:
Կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով, գործադիրը գտնում է, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:









