Foto

Խնդրում եմ ձեր լուման ներդնել ՀՀ-ի զարգացման գործում. Պապիկյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներին

«Նախկինում եղել են ու ասօր էլ կան շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնք արգելակում կամ խոչընդոտում են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական ավելի արդյունավետ կապին և այդ համատեքստում նաև Ռուսաստանում ապրող մեր հայ գործարարներին, Հայաստանում նրանց կատարած ներդրումներին և այնուհետև Եվրասիական տնտեսական շուկա հանելուն»: Այդ մասին Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ հուլիսի 8-ին, Մոսկվայում կայացած ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման և ամրապնդման խնդիրների լուծմանն ուղղված բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ խնդիրները շատ են. մենք չունենք աշխատող երկաթգիծ, թեպետ բանակցություններ են տարվում Վրաստանի և ՌԴ-ի գործընկերների հետ: Նա նշեց, որ լիահույս է, որ առաջիկայում դրա լուծումը կգտնվի, բայց կոնկրետ ժամկետների մասին խոսել չի կարող:

Ինչ վերաբերում է սահմանային անցակետերում կուտակումներին, Սուրեն Պապիկյանն ասաց, որ դրանք այս փուլում պայմանավորված չեն ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ ՌԴ համապատասխան գերատեսչությունների անգործությամբ:

«Խնդիրը զուտ տեխնիկական է, որովհետև հարյուրավոր, ընդհուպ հազարավոր մեքենաներ փորձում են հատել հայ-վրացական, այնուհետև ռուս-վրացական սահմանը և այդ կուտակումների պատճառը հենց այդ քանակն է, ինչը, իհարկե, փորձում ենք ամեն գնով կարգավորել»,-ասաց նա:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերներին, ովքեր ամեն բան անում են, որ հայկական բերքն այս փուլում հասնի ռուսական շուկա: Պապիկյանը նաև ընդգծեց, որ շաբաթ-կիրակի օրերին մշտապես լինում է համայնքներում և, եթե նախկինում լինում էին բերքի իրացման հետ կապված դժգոհություններ, ապա այս տարի այդ խնդիրը համայնքներում չկա:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ պետք է ջանքեր գործադրել, որ երկաթուղու կապը նույնպես վերահաստատվի, ինչը մի քանի անգամ կմեծացնի տնտեսական կապի հնարավորությունները:

«Սա հիմք ընդունելով ուզում եմ նշել մի կարևոր խնդիր՝ այո, ՀՀ-ՌԴ տնտեսական կապը նաև գործարարների ապրանքներն արտաքին շուկա հանելու խնդիրը շատ մեծ է, բայց հենց դրա համար է հավաքվել հայ համայնքը: Մենք փորձում ենք նաև մի փոքր մեզ տնտեսապես նեղություն տալով լուծում գտնել մեր սահմանային համայնքները զարգացնելու համար: Մենք չենք նշում, որ ձեռներեցության համար ստեղծված են իդեալական պայմաններ, ո՛չ, կան օբյեկտիվ պատճառներ, որ դուք դժգոհ եք այդ պայմաններից, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով մի օր հասնել այն հանգրվանին, որ այդ տնտեսական կապը դառնա ավելի արդյունավետ»:

Նախարարն ասաց, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և փոքրիկ ձեռնարկությունն անգամ կարող է փոխել մի գյուղի ճակատագիր: Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ գամվեն իրենց հողին, մաքառեն, որ ունենանք ապահով սահման:

«Մեր՝ ապահով սահման ունենալու գրավականը ապահովված գյուղացին է: Ես խնդրում եմ ձեր բոլոր հնարավոր միջոցներով ձեր ներդրումը կատարեք մեր սահմանապահ գյուղերի զարգացման գործում: Ես լիահույս եմ, որ այսօրվա մեր քննարկումը և այն մոտեցումը, որ ունի հետհեղափոխական Հայաստանում նոր Կառավարությունը, ձեզ պետք է լրացուցիչ հույս ու երաշխիքներ տա, որ Հայաստանում ձեր բիզնեսն այսուհետ ապահովված է լինելու: Սա ասում եմ վստահաբար, ասում եմ մեր Կառավարության անունից: Խնդրում եմ ձեր լուման ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման գործում»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Vesti.am