Foto

«Ամուլսարի» ծրագրի առաջխաղացումը պետք է կասեցվի. ամերիկահայ գիտնական

Արդեն հայտնել ենք, որ «Ամուլսարի» ծրագրի էկոլոգիական ռիսկերը հայտնվել են միջազգային փորձագետների ու գիտնականների ուշադրության կենտրոնում: Վերջիններս ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բրոնոզյանի պատվերով ուսումնասիրել ու հետազոտել են «Լիդիան» ընկերության բոլոր փաստաթղթերը և այսօր այդ հետազոտությունների արդյուքները ներկայացնում էին բնապահպաններին ու ծրագրով հետաքրքրված շահառուներին:

Լրագրողների հետ զրույցում Հարութ Բրոնզյանն ասաց, որ առաջին օրվանից սկսած՝ երբ «Լիդիանի» ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ամերիկահայերի հետ ու ներկայացնել ծրագիրը, ինքը հետաքրքրված է եղել ծրագրով ու դրանից բխող հետագա զարգացումներով:

Նա հստակեցրեց, որ իրենք բնապահպանական հետազոտություններ են իրականացնում, այդ ընկերությունների սխալները մատնացույց անում ու հորդորում՝ աշխատել դրանք շտկելու ուղղությամբ:

Անդրադառնալով «Ամուլսարի» ծրագրին՝ պարոն Բորոզյանն ասաց, որ հանքավայրը ու հարակից տարածքը գտնվում են համապետական նշանակություն ունեցող զգայուն տարածաշրջանում, որը Հայաստանի մեծ մասին ապահովում է  խմելու և ոռոգման ջրով:

«Նախատեսված հանքարդյունաբերության մոտեցումները շատ բարձր ռիսկ են պարունակում առ այն, որ թթվայնությունը, մետաղները, ցիանիդն ու թիոցիանատը, սուլֆատը և նիտրատը տասնամյակների կտրվածքով  կթունավորեն ստորգետնյա ջրերը, աղբյուրներն ու գետերը»,- լրագրողներին ասաց նա:

Բորոզյանը ընդգծեց, որ  «Ամուլսարի»  ոսկու ծրագիրը բարձր ռիսկ է ներկայացնում տասնամյակներ և ավելի տևող թթվային դրենաժի առաջացման և աղտոտիչ արտազատման առումով, ինչը պայմանավորված է դատարկ ապարների և հանքաքարին բնորոշ նկարագրով և տեղադրմամբ, երկրաքիմիական անբավարար գնահատումով, ջրի որակի ոչ բավարար և պատշաճ կանխատեսումներով և «Լիդիանի» անփորձությամբ:

«Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն այս ծրագրի առաջխաղացումը մինչև որոշակի բացթողումները չշտկվեն»,- ամփոփեց նա:

Vesti.am