«Ժամանակին մենք դեմ ենք եղել պարտադիր կուտակային համակարգին, դրա դեմ պայքարել ենք, մեր շատ անդամներ առաջնորդել են այդ շարժումը, նաև «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներում կան դրան վերաբերող կետեր: Հիմա հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եթե կառավարությունը որոշեր, ենթադրենք, հետաձգել համակարգի ներդրումը, ապա չգիտենք ՀՀԿ-ն ինչպես կքվեարկեր: Եթե դեմ քվեարկեր, ուժի մեջ կմնար գործող օրենքը, ինչը ենթադրում է, որ հուլիսի 1-ին բոլորի համար համակարգն ուժի մեջ կմտներ: Մյուս կողմից, մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք այս կառավարությանը: Ես իզուր չէի հարց տալիս՝ դուռը փա՞կ է, թե՞ դեռ քննարկելու հնարավորություն կա: Մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, այդ թվում համակարգը դարձնել կամավոր, բայց զուգահեռ իրականացնել որոշակի քայլեր, որ այն գրավիչ լինի քաղաքացու համար»,- ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս թեմայով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ և պատրաստ են քննարկել ու բարելավել համակարգը:
«Այն մարդիկ, որոնք դեմ են եղել այդ համակարգին, շարունակում են դեմ մնալ: Մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը, պայմանով, որ շարունակենք քննարկումները»,- հայտարարեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ կողմ են քվեարկելու օրինագծին:
«Ծառուկյան» խմբակցությունը և ՀՀԿ-ն նույնպես հայտարարել են, որ կողմ են քվեարկելու:
Vesti.am









