Եթե Ադրբեջանը դադարի կրակել, նրա մասին կմոռանան սիրիական, ուկրաինական խնդիրների ֆոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պատահական չէր սկսել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում.
-Այդ կրակոցները, դիվերսիոն հարձակումները նրանց համար իմաստ ունեն: Իրավիճակի վրա ազդելու այլ մեխանիզմներ Ադրբեջանը չունի: Հետևաբար, պետք է կրակի. դա միջազգային հանրության վրա ազդելու միակ միջոցն է,-ասել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ ԼՂՀ-ին էլ պետք չէ կրակել, քանի որ պատերազմում հաղթած կողմ է, ու չի էլ կրակի, եթե հակառակ կողմից չլինեն կրակոցներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Իսկանդարյանն ասել է.
-22 տարի այդ երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ծախել են նավթ, գնել են զենք, ժամանակն էր, որպեսզի որևէ արդյունք ցույց տային: Պարզ է, որ չէին կարող Ղարաբաղը վերցնել, բայց գոնե 1 քառակուսի մետր պետք է ցույց տային,-նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ նման պայմաններում Հայաստանը պետք է ուժեղացնի պաշտպանությունը, զինվի, իսկ դիվանագիտական բնագավառում ակտիվ քաղաքականություն վարի:
Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը համագործակցում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, շարունակել է համագործակցել, բայց, նրա խոսքով՝ Ադրբեջանի դեպքում իրավիճակը գնալով փոխվում է.
-Ադրբեջանի գումարը քչանում է և հարց է առաջանում, արդյո՞ք կկարողանա այնքան զենք գնել Ռուսաստանից, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի,-եզրափակել է բանախոսը:
Vesti.am