Foto

Եվրանեսթ ԽՎ-ում կքննարկվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման խրախուսման հրատապ բանաձև

Հունիսի 26-ին Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Հունիսի 26-ին Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, իմ նախաձեռնությամբ Եվրանեսթում հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ:

Ներկայացված այս նախագիծը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների:

Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Խորհրդարանական դիվանագիտությունը ջանք չի խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում ևս մեկ կարևոր քայլի»: