Foto

Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ը, Քարդաշյանն այդ մասին խոսել է CNN-ի «The Van Jones Show»-ի ժամանակ:

«Երբեք մի ասա երբեք: Սակայն դա չի նշանակում, որ Քիմն արդեն պատրաստվում է առաջադրվել: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»,- ասել է Քարդաշյանը:

Նա անդրադարձել է նաև օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի ազատ արձակվելու փաստին՝ նշելով, որ «դա հաղթանակ էր, որը փոխեց նրա կյանքը»:

Թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոնսոնի գործը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, ինչ նրան ազատելու կոչով հանդես եկավ Քարդաշյանը, ով այդ հարցով անգամ հանդիպում ունեցավ Թրամփի հետ:

Քարդաշյանն առաջիններից էր, որ արշավ էր սկսել Էլիսի ազատ արձակման հարցով՝ սոցցանցերում տեսանյութ տարածելով: Նա իր փաստաբանի հետ այցելել էր Սպիտակ տուն, կապ էր հաստատել նախագահ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ, ով նաև ԱՄՆ նախագահի փեսան է և ով հանդես է գալիս բանտային բարեփոխումների օգտին: