Foto

Դուք դրանով որևէ մեկին լավություն չեք անում. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին

 «Երբեք չի եղել դեպք, որ ես, իբրև Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկեմ պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում եմ իմ տեսակետին»,- կառավարության արտահերթ  նիստին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ո՞րն է Ձեր տեսակետը, պարոն Մինասյան», - հետաքրքրվեց վարչապետը:

«Դեմ եմ պարտադիր կուտակայինի այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ՝ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է», - նկատեց  Մինասյանը:

«Ո՞ւ։ Այսինքն՝ այստեղ կան մարդիկ, ովքեր չեն հասկանո՞ւմ, որ պարտադրված լուծում է», - հարցրեց  Փաշինյանը:

«Ո՛չ, խոսքն այն մասին է, որ հետաձգումը և քննարկելու հնարավորությունը, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող էր բերել, չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը, ամենևին չեմ ուզում քննադատել այս որոշումը», - հավելելց նախարարը:

Վարչապետը հիշեցրեց՝ պետք է հասկանալ, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում:

«Ես՝ որպես վարչապետ, և կառավարությունը որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում է, և մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է լուծենք առաջ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում՝ մեզ հետ չեն: Ուզում եմ սա հստակ արձանագրենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Արծվիկ Մինասյանն էլ ավելացրեց, որ որպես կոլեգիալ մարմին՝ այս որոշումը ենթակա է կատարման. և ինքը կատարելու է:

«Այլ կերպ չէր էլ կարող լինել, Դուք դրանով որևէ մեկին լավություն չեք էլ անում», - ասաց Փաշինյանը:

Vesti.am