Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկեցՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ հարկային օրենսգքրում, ըստ էության, հայեցակարգային փոփոխություններ չեն անում:
«Նախատեսում ենք, որ քննարկումներ կունենանք և անհրաժեշտւթյան դեպքում կվերանայենք հարկային համակարգը: Այս նախագիծով ավելի շատ հստակեցումների, համաներման գործառույթներ է կարգավորվում»,- նկատեց նախարարը:
Նախագծով նախատեսվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:
Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
Ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված ևս առաջարկություններ կան, որով նախատեսվում է աղը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այստեղ ստվերային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա, և բացի այդ, աղի դրոշմավորումն առաջացնում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ, մինչև 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփերով, հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար, թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս:
Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման առավելագույն քանակությունները վերանայել՝ 5 միլիոն հատը ծխախոտի համար դարձնել 20 միլիոն հատ, 300 հազ. հատը ալկոհոլի համար դարձնել 1,2 միլիոն հատ, քանի որ ներկայումս առկա սահմանաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ապահովվի այս ապրանքների ներմուծ-ման ու իրացման շղթայի անընդհատությունը:
Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ:
Vesti.am









