Foto

Ալմաթիում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստը

Այսօր  Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը) արտգործնախարարների խորհրդի հանդիպումը, հաղորդում է «РИА новости»-ն:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ հանդիպումը սկսվեց լուսանկարվելուց: Այնուհետև նախարարները (բացի Բելառուսից, Մինսկը ներկայացնում էր փոխարտգործնախարար Անդրեյ Դապկյունասը), ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը բանակցությունները սկսեցին նեղ կազմով: Արտաքին գործերի նախարարների ներկայիս խորհրդի նախագահը Ղազախստանի ԱԳ նախարար  Կայրաթ Աբդրահմանովն է:

Բացելով հանդիպումը՝ Աբդրահմանովը շնորհավորեց իր հայ գործընկերոջը՝ Զոհրաբ Մնացականյանին, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին` առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա և  ֆուտբոլի Աշխարհի գավաթի բացման կապակցությամբ:

Հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստով: Այնուհետև սպասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Ղազախստանի արտգործնախարարի համատեղ մամուլի ասուլիսը:

Հանդիպման օրակարգում 12 թեմա է ընդգրկված, նախարարները կքննարկեն ընդհանուր անվտանգության ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ-ի մասնակից երկրների համատեղ ջանքերի համակարգման հարցերը:

Vesti.am