Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրությունը:
«Ձեր հանձնարարականի համաձայն մեր կողմից ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները և քննարկումներ ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գնահատել ենք այս պահին Հայաստանում էներգետիկ ոլորտում բոլոր այն ռիսկերը, հնարավորությունները էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման առնչությամբ: Պետք է ասեմ, որ այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Այդ ռիսկերը հիմնականում պայմանավորված են Ատոմակայանի՝ նախադեպը չունեցող աշխատանքների հետ: Պատմության մեջ ընդհանրապես չի եղել, որ Ատոմակայանն այս կարգով կանգնի և կատարվեն երկարաձգման աշխատանքներ»,-նշեց Գրիգորյանը:
Նախարարը նաև նշեց, որ ռիսկերը կարող են մեծ ազդեցություն ունենալ սակագնի վրա և դրանք հաշվի առնելով, չեն ցանկանում այդ քայլին գնալ:
«Կան նաև գազի գնի հետ կապված ռիսկեր: Մինչև այս տարվա վերջ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն կա՝ սահմանի վրա 150 դոլարի մասով: Դա տարվա վերջ պետք է վերանայենք: Ունենք ռիսկ դոլար-դրամ հարաբերության հետ կապված»,-նկատեց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով ռիսկերը, սակագնի հետ կարող են փոփոխություն անել անապահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է:
Նախարարը նշեց, որ հնարավորություն կա 10 դրամով իջեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը:
Vesti.am









