Foto

Նարեկ Միրզոյանի պատասխանը՝ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համակարգող Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի տարածած հայտարարության՝ տեղեկացնում եմ, որ ս/թ մայիսի 23-ին Ջերմուկ համայնքի ավագանու անդամները դիմել են Կառավարությանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկելու և այդ աշխատանքների հետևանքով վնաս կրած բնակչությանը փոխհատուցելու համար: Հարգելի՛ պարոն Ալոյան, Դուք նշում եք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող բնակիչներից մոտ 20 հոգի փակել է դեպի հանքավայր տանող ճանապարհները և այդկերպ խոչընդոտ է հանդիսացել Ձեր ընկերության բնականոն աշխատանքներին: Տեղեկացնում եմ Ձեզ, որ Ջերմուկ համայնքի ավագանին չէր կարող Ձեր նշած մոտավորապես 20 հոգու անունից հայտարարություն տարածել. հայտարարությունը եղել է հանրային պահանջի հիման վրա, իսկ Ջերմուկ համայնքի մեջ մտնում են Կեչուտ, Գնդեվազ, Հեր-հեր, Կարմրաշեն համայնքները: Ստացվում է, որ հանքավայրի շահագործման դեմ բողոքում է ոչ թե 20-30 հոգի, այլ խոշորացված ողջ համայնքը»: