Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում, «Facebook»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը:
Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:
Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին:
Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է ՀՀ փոխվարչապետը:









